Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին

Տարածաշրջանում առաջին կին նախագահը շնորհավորհական ուղերձներ է ստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Զուրաբիշվիլին Վաշաձեից առա՞ջ է. ի՞նչ են վկայում Վրաստանի ընտրությունների էքզիթփոլերը

«Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ բոլոր բնագավառներում՝ արձանագրելով երկու ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացման համար դրական դինամիկա»,-ասել է Հանրապետության նախագահն իր շնորհավորական ուղերձում՝ մաղթելով  հարևան երկրի նախագահին աշխատանքային նվաճումներ ու հաջողություններ՝ ի շահ Վրաստանի բարեկամ ժողովրդի: 

Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացավ նոյեմբերի 28–ին։

Վերջին տվյալներով` Զուրաբիշվիլին բոլոր ընտրատեղամասերից հավաքել է ձայների 59,52 տոկոսը։ Նրա մրցակից, «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեի օգտին քվեարկել է ընտրողների 40,48 տոկոսը։