«Դատարանն օրենքի հիման վրա չի ստեղծված». Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը կշարունակվի վաղը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Եթե դատարանն օրենքի հիման վրա չի ստեղծված, ցանկացած որոշում, որն այն հետագայում կկայացնի, նույնիսկ մնացած բոլոր պայմանները պահպանելու դեպքում, այն չի կարող համարվել օրինական: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը:

Ինչ տրամադրություն ունի դատարան այցելած Ռոբերտ Քոչարյանն ու ինչու չի ցանկանում խոսել

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 28-ին, պաշտպանական կողմը դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատարան: Դատարանը խորհրդակցության սրահից վերադառնալուց հետո մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը:

«Ակնհայտ անօրինական որոշում էր: Որոշումը դեռ չենք ուսումնասիրել, երկար որոշում է, կծանոթանանք, ավելի մանրամասն կգնահատենք»,- նշեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա ասաց, որ եթե դատարանն անօրինական որոշում կայացնի ոչ օրինական կազմով, իրենք դիմելու են ՄԻԵԴ: Նա նաև հայտնեց, որ պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ՝ ՍԴ 303 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ պաշտպանական խմբի միջնորդությունը դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին կապված է այն հանգամանքի հետ, որ  դատավորն ընտրվել է վիճակահանությամբ, ինչն օրենքի կոպիտ խախտում է:

Ի դեպ, միջնորդությանը դեմ չի եղել նաև դատախազությունը, ինչն ըստ փաստաբանի՝ տակտիկական քայլ է: «Եթե մի կողմը դատավորից դժգոհ է, մյուսն էլ ուզում է, որ անպայման այդ դատավորը քննի, ինքն էլ իր հերթին է դժգոհում, և կողմնակալ անձին թվում է, թե երկու կողմն էլ, եթե դժգոհ են, ուրեմն իրականում ինքը շատ օբյեկտիվ դատավոր է»,-նշել էր նա:

Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով դատական նիստն ընդմիջվեց. նոր հանգամանքներ են պարզվել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 10-ին:

Հիշեցնենք` հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Oգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ դատարանն ազատ արձակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հայտարարելով, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը` հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, և նրա գործողությունները բխել են իր լիազորություններից։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն ավելի ուշ «ապօրինի» որակեց Քոչարյանին ազատ արձակելու որոշումը` հույս հայտնելով, որ Գլխավոր դատախազությունը կբողոքարկի այն, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի «չկարողանա խոչընդոտել» գործի քննությունը:

Քոչարյանը դեռ ազատության մեջ է, բայց մեղադրանքը հանված չէ։