Խլել Կաստրոյից միջուկային զենքը և համոզել գերտերություններին.Միկոյանը փրկել է մարդկությանը

Նրա մասին ասում էին. «Իլիչից Իլիչ` առանց կաթվածի ու պարալիչի»։ Անաստաս Միկոյանին նվիրված մի շարք գրքեր, անթիվ հոդվածներ և հուշեր կան` հակասական և բազմակողմանի։ Փաստն այն է, որ Միկոյանն անցավ ԽՍՀՄ–ի գրեթե ողջ պատմությունը։
Sputnik

Երբ 1895 թվականի նոյեմբերի 25-ին Սանահին գյուղում տղա ծնվեց, ոչ ոք նույնիսկ ենթադրել չէր կարող, որ նրան վիճակված է ԽՍՀՄ խոշորագույն գործիչներից մեկը դառնալու ճակատագիրը. գոնե այն պատճառով, որ նման պետություն այդ ժամանակ անգամ գոյություն չուներ։ Միկոյանն իսկապես անցավ Իլիչից (Լենին) Իլիչ (Բրեժնև)` բարձր պաշտոններ զբաղեցնելով և մասնակցելով գլոբալ նշանակություն ունեցող հարցերի լուծմանը. նա վաստակած թոշակի գնաց արդեն բավական լուրջ տարիքում։

Հայերի հպարտությունը և մեր բակի տղաները. ինչու է Բուզովան ակադեմիկոս Հովհաննիսյանից հայտնի

Նրա մասին տարբեր ասեկոսեներ են պտտվում. որ Միկոյանը, օրինակ` ակտիվ մասնակցություն է ունեցել 1930-ականների ձերբակալումների և բռնաճնշումներին, և հակառակը` որ երբեք չի մատնել, քաղաքական ահաբեկչության հակառակորդ է եղել։ Ճշմարտությունը, հավանաբար, ինչպես միշտ, մեջտեղում է, սակայն բռնաճնշումներին Միկոյանի  չմասնակցելու օգտին  կարող է վկայել այն փաստը, որ նա մնաց աշխատելու նաև Խրուշչովի օրոք, երկրի «ապաստալինացման» ժամանակ, երբ անձի պաշտամունքը չեղյալ էր հայտարարվել։

Եվ ոչ թե պարզապես մնաց, այլ շարունակեց իր բացառիկ գործունեությունը։ 1962 թվականին նրան վիճակված էր դառնալու միջուկային պատերազմի սպառնալիքի լուրջ վտանգի տակ հայտնված մոլորակի փրկիչներից մեկը, վտանգն այդ «Կարիբյան ճգնաժամ» էր կոչվում։

Այն ժամանակ ԽՍՀՄ–ն իր մարտավարական հրթիռները տեղաբաշխեց Կուբայում։ Ու թեև դա Թուրքիայում ամերիկյան զենքի տեղակայման պատասխանն էր, աշխարհը դրանից ավելի հանգիստ չէր դառնում։  Լուրջ կոնֆլիկտ էր հասունանում, մոլորակը երբեք այդքան մոտ չէր եղել միջուկային պատերազմին։ Հատկապես բուռն դեպքերը զարգացան հոկտեմբերին։

Սկզբում ամերիկացիները շրջափակեցին կղզին. ռազմածովային կարանտինի ռեժիմ սահմանեցին, մի քանի օր անց Կուբայի երկնքում խոցվեց ԱՄՆ–ի հետախուզական ինքնաթիռը, Սարգասյան  ծովում հրամանի էին սպասում խորհրդային սուզանավերը, իսկ Խրուշչովն ու Քենեդին միմյանց սպառնացող հայտարարություններ էին անում։  Ճգնաժամն ինչ-որ կերպ լուծել էր պետք, և այդ պարտականությունը ԽՍՀՄ ղեկավարությունը հանձնարարեց Անաստաս Միկոյանին։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, երբ ԱՄՆ-ն տնտեսական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ

Մոսկվայում այդ ժամանակ մահամերձ էր Միկոյանի կինը, նա գիտեր`նրան այլևս չի տեսնի։ Սակայն այլ ճար չկար, և Միկոյանը մեկնեց կատարելու իր կյանքի գուցե ամենակարևոր առաջադրանքը։  Ճգնաժամը լուծելու համար Կուբայից պետք էր դուրս բերել հրթիռները, իսկ խորհրդային խմբավորումն այնտեղ ավելի մեծաթիվ էր և տեխնիկապես ավելի լավ զինված, քան կարծում էին Պենտագոնում։

Ամեն ինչ ավելի բարդ էր, քան կարող էր թվալ։ Խրուշչովն ու Քենեդին կարող էին պայմանավորվել, ինչն ի վերջո արեցին, սակայն խնդիր կար նաև Կաստրոյի հետ։ Կուբայի առաջնորդին պետք էր համոզել, որ հրաժեշտ տա միջուկային զենքին, իսկ դրա համար Հավանային ԱՄՆ–ի կողմից անվտանգության լուրջ երաշխիքներ էին հարկավոր։ Եվ այդ ամենը պետք է այնպես արվեր, որպեսզի Կաստրոն, խորհրդային գոտու ազդեցության տակ մնալով, դուրս չմնար սոցիալիստական երկրների պահունակից,  Չինաստանի, Հարավսլավիայի կամ Ալբանիայի նման իր ճանապարհով  չգնար. առաջին լատինամերիկյան սոցիալիստական երկիրը կորցնելն աններելի կլիներ։

Միկոյանն արդեն մտերիմ և վստահելի հարաբերություններ էր ստեղծել Կուբայի ղեկավարության հետ, և չնայած դրան, Հավանայում բանակցությունները Կաստրո եղբայրների և Չե Գևարայի հետ անասելի դժվար էին։ Ավելի հեշտ էր կուբացիներին համոզել տեսչության և միջազգային վերահսկման պայմաններում դուրս բերել մարտագլխիկները, քան հանդարտեցնել նրանց վրդովմունքն այն փաստից, որ Հավանայի մեջքի հետևում Ամերիկայի և ԽՍՀՄ–ի միջև բանակցություններ են ընթանում այդ թեմայի վերաբերյալ։

«От Ильича до Ильича». ինչով են առանձնացել հայերը հեղափոխության ժամանակ և դրանից հետո

Միկոյանից գրեթե մեկ ամիս պահանջվեց կուբացիներին համոզելու համար։ Ընդ որում` Ազատության կղզում մարտավարական զենքի տեղակայման որոշման հետ նա իսկզբանե համաձայն չէր` նման զարգացում կանխատեսելով, սակայն նրան Մոսկվայում չլսեցին։ Իսկ հիմա Կուբան, որը հանկարծակի և միանգամից գրեթե արդեն միջուկային պետություն էր դարձել, ստիպված էր հրաժարվել հրաշքով իրեն բաժին հասած կարգավիճակից. նման որոշում կայացնելը հեշտ չէր և Հավանայի ղեկավարությունից խելամտություն և պատասխանատվության մեծ զգացում էր պահանջում։

Միկոյանը ստիպված էր Խրուշչովից Քենեդու, Քենեդուց Ֆիդելի մոտ «վազել»։ Դա հիրավի տիտանական աշխատանք էր, որը թույլ տվեց երկու գերտերություններին պահպանել բանականությունն ու մարդկությանը կործանման չդատապարտել։

Երկրորդ Իլիչը` Լեոնիդը, 69-ամյա Միկոյանին Գերագույն խորհրդի Պրեզիդիումի նախագահ նշանակեց։ Իսկ հոբելյանը նշելուց հետո` մեկ տարի անց, Միկոյանը թոշակի անցավ։ Անձամբ թոշակի գնաց` բացառություն դառնալով խորհրդային ղեկավարության շրջանում. նման պաշտոններից սովորաբար ազատում էին` ուղարկելով անհայտություն կամ «պատվավոր» աքսորի, իսկ առավել հաճախ չինովնիկներն իրենց պաշտոններին մահանում էին ծերությունից և հիվանդություններից։