Մնացականյանը զգուշություն է դրսևորել Իրանի հարցում` ի տարբերություն Փաշինյանի. Աշոտյան

Նախարարի պաշտոնակատարն ավելորդ բառեր չի ասել Հայաստանի համար այնպիսի զգայուն հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են Իրանի հետ հարաբերությունները և բանակցությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը պրոֆեսիոնալ զգուշություն է ցուցաբերել Իրանի հարցում` ի տարբերություն  վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նման կարծիք հայտնեց ՀՀԿ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի  նախագահ Արմեն Աշոտյանը 2019թ–ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

Հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է փակվել. Փաշինյան

Մասնավորապես, Աշոտյանը խնդրեց ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանին բացատրություն տալ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին։ Նախօրեին Փաշինյանը հայտարարել է, որ Իրանի հետ սահմանը կարող է ցանկացած պահի փակվել։

Մնացականյանը պատասխանեց, որ Հայաստանը գնահատում է ռիսկերն իր արտաքին անվտանգության համար։ Պետք է հիշել, որ Իրանը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է։ Երկխոսության և գործընկերային կապերի միջոցով պետք է կրճատել նման ռիսկերը։

«Իրանի հետ հարաբերություններն ամենահեռնակարայիններից են մեզ համար, և մենք ուշադրություն ենք դարձնում դրան մեր գործընկերների հետ բանակցություններում», – ասաց Մնացականյանը։

Աշոտյանը պատասխանեց. «Ձեր արձագանքը ցույց է տալիս, որ դուք չեք ուզում ուղիղ պատասխան տալ։ Եվ ես լավ հասկանում եմ այդ հարցում մասնագիտական զգուշության անհրաժեշտությունը։ Ես շատ ուրախ եմ, որ դուք դրսևորել եք այն։ Ցավոք, նման ըմբռնում և զգուշություն մենք չենք տեսել վարչապետ Նիկոլ Փաշինյանից»։