ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Բոլտոնի` Հայաստանի ու Ռուսաստանի բարեկամության մասին ասածին

Ռուսաստանի արտգործնախարարությունն անդրադարձել է նաև հեռացող դեսպանի հայտարարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունն «անքաղաքավարություն» է որակել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հնչեցրած հայտարարությունը։ Քաղաքական գործիչը Հայաստանին կոչ է արել հրաժարվել Մոսկվայի հետ ունեցած բարեկամությունից ու գովազդել է ամերիկյան զենքը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Բոլտոնին հաջողվե՞ց Բաքվին ու Երևանին ներքաշել ԱՄՆ-ի արկածախնդրության մեջ

ՌԴ ԱԳՆ-ում Բոլտոնի ասածը համեմատել են Հայաստանում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության հետ։

«Վերջերս Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀՀ-ում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսի «հրաժեշտի» խոսքը։ Նա հրապարակավ հրահանգներ էր տալիս երկրի ղեկավարությանը տնտեսական քաղաքականության հարցերում և տեղի հասարակական կազմակերպություններին շռայլ ֆինանսավորում խոստանում՝ կառավարության նկատմամբ հսկողության համար: Թվում էր, թե ավելի ճչացող անքաղաքավարություն, որ չի տարբերվում պետության ներքին գործերին ուղիղ միջամտությունից, արդեն չի լինում։ Պարզվեց, որ դա այդպես չէ»,- շեշտել են ԱԳՆ-ում։

Նշվում է, որ Բոլտոնը «պահանջել է, որ Հայաստանն իր միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կաղապարներից»՝ առանձնապես չթաքցնելով, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հետ ավանդական բարեկամությանը։

«Նա նաև հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանից նախաձեռնողական քայլեր է սպասում Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ։ Բնականաբար, չի մոռացել գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն»,- ավելացրել են ՌԴ արտաքին գերատեսչությունում։

Ջոն Բոլտոնը չի կարող խոսել իմ անունից. Փաշինյան

«Ընդ որում, Երևանում Բոլտոնի բոլոր հայտարարությունները քննադատության են արժանի։ Հրաշալի միտք է հնչել հոկտեմբերի 25-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում. «Հայաստանի համար իրապես արմատապես կարևոր է ամբողջապես ինքնիշխան լինելը, ոչ թե կախյալ կամ ենթակա լինել հավելուրդային արտաքին ազդեցությանը։ Լավ կլիներ, որ Բոլտոնը խորհեր սեփական խոսքերի շուրջ»,-ասված է մեկնաբանությունում։ Բոլտոնը Երևան էր եկել նախորդ շաբաթ։ Նա հայտարարել է, որ «ամերիկյան զենքն ամեն դեպքում լավն է ռուսականից»։

Բոլտոնը Երևան էր եկել նախորդ շաբաթ։ Նա հայտարարել է, որ «ամերիկյան զենքն ամեն դեպքում լավն է ռուսականից»։