ՀՀԿ–ն կողմ կքվեարկի՞ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծին. Հարությունյանի տեսակետը

«Հանրապետական» կուսակցությունն ԱԺ ընտրություններին մասնակցելու ֆորմալ որոշում դեռ չունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցությունը հոկտեմբերի 29-ին հավանաբար կողմ չի քվեարկի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծին։ Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Շնորհակալություն Փաշինյանին հոգատարության համար. ՀՀԿ–ն` ընտրությունների մասին

«Չեմ կարծում, որ հոկտեմբերի 29-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցությունը կողմ կքվեարկի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծին: Չի կարելի հընթացս փոխել խաղի կանոնները, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերին ամենայն հավանականությամբ տեղի են ունենալու խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է դրան նախապատրաստվի»,- ասաց նա:

Հարությունյանը կրկին նշեց, որ բաց համամասնական ցուցակներն անհամեմատ ավելի ժողովրդավարական են և ավելի մեծ հեռանկար են բացում Հայաստանի զարգացման համար, քան փակ ցուցակներով ընտրությունների կազմակերպումը:

Ավելի վաղ «Հանրապետական » խմբակցությունն ԱԺ-ում տապալել էր Ընտրական բարեփոխումների նախագիծը, որից հետո Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՀՀԿ-ական պատգամավորներին` ասելով. «Մեկը չկա՞, որ ձեզ ձեր շահը բացատրի»:

Փաշինյանը սթրես է ապրում. նա խոսեց ՀՀԿ–ի ռևանշների, կաշառք վերցնողների ու Սյունիքի մասին

Հարությունյանը նշեց, որ հասկանում է Փաշինյանի` բոլորին անպայման սովորեցնելու գայթակղությունը, բայց նրա ասածը, թերևս, պետք է հնչեր որպես սպառնալիք։

«Այսօր էլ «Հանրապետական» խմբակցության պատգամավորներն աննախադեպ ճնշումների են ենթարկվում, դա է պատճառը, որ շատերը ստորագրում են տարբեր փաստաթղթերի տակ կամ կողմ են քվեարկում մի նախագծի»,- ասաց նա:

Հարությունյանը նշեց նաև, որ ՀՀԿ-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ֆորմալ որոշում չունի, բայց ամենայն հավանականությամբ կմասնակցի ընտրություններին: