Ճշմարտությունը միշտ չակերտներում է լինելու. Հայաստանը հիշում է ԱԺ–ում հնչած կրակոցները

Հոկտեմբերի 27-ը սևով է գրված Հայաստանի պատմության մեջ։ 1999 թվականին հենց այս օրը չլսված դեպք տեղի ունեցավ՝ ահաբեկիչները կրակ բացեցին խորհրդարանում։ Սարսափելի հանցագործության պատճառների մասին վարկածներ շատ կան, բայց բոլորն էլ՝ ոչ պաշտոնական։
Sputnik

1999 թվականի հոկտեմբերի 27-ից 19 տարի է անցել, բայց մինչև այսօր էլ պաշտոնական վարկած է համարվում «խենթ միայնակների պոռթկման» վարկածը։ Ասում են` Նաիրի Հունանյանը մոտեցել է վարչապետ Վազգեն Սարգսյանին ու ասել. «Հերիք է` էս ժողովրդի արյունը ծծեք»։ Իսկ նա հանգիստ պատասխանել է․ «Ամեն ինչ արվում է քո ու քո երեխաների ապագայի համար»։ Դրանից հետո Հունանյանը կրակել է նրա ուղղությամբ։

Հոկտեմբերի 27-ի հանցագործության պատվիրատուներ եղե՞լ են․ պարզաբանում է Սարգսյանի եղբայրը

Այս և այլ վկայություններին հավատալու կամ չհավատալու պատճառները նույնքան են։ Եթե ամեն ինչ այդպես է եղել, ապա թատերականացման տպավորություն է թողնում՝ ամպագոռգոռ պաթետիկ մեղադրանքներով և քաղաքացիական հասուն արիությամբ լի պատասխանով։ Ճշտամրտությունը հաստատ գիտի միայն Նաիրի Հունանյանը, բայց նա լռում է ու վստահեցնում, որ ահաբեկչությունն իր սեփական նախաձեռնությունն է եղել։

Իհարկե, այդպես չէ։ Նման ահաբեկչությունները հենց այնպես չեն լինում և չեն կարող ինքնուրույն գործող «պատժիչների» ձեռքի գործ լինել, որքան էլ նրանք լավ տեղեկացված լինեն։ Որպեսզի հետխորհրդային երկրի խորհրդարանում զինված մարդկանց խումբ հայտնվեր, կազմակերպիչներ ու մեջքին կանգնած մարդիկ էին պետք։ Ու այդ մարդիկ պետք է ազդեցիկ լինեին։

Դե արի ու մտածի՝ ազդեցիկ մարդկանցից ով է եղել Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի սպանության հետևում։ Ուրիշներն էլ ահաբեկչության զոհ դարձան` ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնիդ Պետրոսյանը, պատգամավոր Արմեն Արմենակյանը, պատգամավոր Միքայել Քոթանյանը։ Այդ պահին խորհրդարանում գտնվող մեկ այլ պատգամավոր էլ` «Հայաստան» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հենրիկ Աբրահամյանը, մահացավ սրտի կաթվածից։

Փաշինյանն ասաց՝ երբ կարելի է վերսկսել «Հոկտեմբերի 27»-ի գործը

Սակայն թիրախում առաջին երկուսն էին։ Որպես այն ժամանակվա ամենաուժեղ, հեղինակավոր, փորձառու առաջնորդներ, որոնք կարող էին փոփոխություններ անել երկրում․ այն ժամանակ այդպես էր՝ անկախ նրանից՝ դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ։ Մենք կարողանում ենք արտահայտել մեր համակրանքը և հատկապես հակակրանքն այն մարդկանց հանդեպ, որոնք արդեն ֆիզիկապես չեն կարող մի բան անել կամ պատասխանել, մենք կարող ենք ինքնամոռաց կռվել հուշարձանների հետ, նույնիսկ ասացվածք կա. «Գնա մեռի, արի սիրեմ»։ Առանց Դեմիրճյանի ու Սարգսյանի շատերն իրենց ուզածն ավելի հեշտությամբ անելու հնարավորություն ստացան։

Կրկնում եմ՝ գոյություն ունեցող ոչ պաշտոնական վարկածներում մեղադրում են ում ասես, կան նաև լրիվ ֆանտաստիկ տարբերակներ, այնպես որ ավելորդ է խոսել վարկածների մասին։

Ինչպես «Մարտի 1-ի» գործում, այնպես էլ այստեղ կա ճշմարտություն։ Կան նաև մարդիկ, որոնք գիտեն այդ ճշմարտությունը, բայց այն դժվար թե երբեէ հասնի «լայն հասարակություն» կոչվածին։ Մեզ կարող են ներկայացնել «ճշմարտությունը», որը տվյալ պահին ձեռնտու է որոշակի շրջանակներին, ինչպես «Մարտի 1-ի» գործում, բայց այդ ճշմարտությունը, միևնույնն է, չակերտներում կլինի։

Հունանյանին դատավճիռ կայացնող դատավորը բողոքել էր, որ Հայաստանն ավելի վաղ հրաժարվել էր մահապատժի կիրառումից։ Հուզականության տեսանկյունից դիտարկելու դեպքում երևի կարելի է հասկանալ դատավորին, իսկ բանականությունն ասում է` քանի Հունանյանն ու նրա ընկերները ողջ են, ճշմարտություն իմանալու հնարավորություն կա, թեկուզև քիչ։

Այսօր գերեզմաններին կրկին ծաղիկներ խոնարհեցին, ջերմ խոսքեր ասեցին, ինչ-որ մեկը բողոքեց, որ մարդկանց ու պետության դեմ հանցագործությունը չի բացահայտվել։ Մարդիկ մեկ տարով նորից կմոռանան այս մասին, իսկ 20-րդ տարելիցին ամեն ինչ կկրկնվի քսաներորդ անգամ։ Ինչպես ասել է Երուսաղեմի արքաներից մեկը․ «Ինչ եղել է, դա էլ լինելու է, ինչ արվել է, դա էլ արվելու է, ու ոչինչ նոր չէ արևի տակ»։