Գյումրու սկանդալային դեպքի հետքերով. Թանդիլյանը կհանդիպի նորածիններից հրաժարված մոր հետ

Նախարարի պաշտոնակատարը խոստացավ, որ ամեն բան անելու է, որպեսզի պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաները մեծանան ծնողի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 22-ին Գյումրի է մեկնել օրեր առաջ Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ հաստատություն բակում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երկվորյակ տղաների հարցով: Նախարարը Գյումրիում մասնակցել է ընդլայնված նիստի, որի ժամանակ քննարկվել է երեխաների հետագա ճակատագիրը:

Գյումրու մանկատան բակում հայտնաբերված նորածինների մայրը հրաժարվել է երեխաներից

Հիշեցնենք, որ Գյումրու մանկատան բակում հայտնաբերված նորածինների մայրը հոկտեմբերի 19-ին հրաժարվել է երեխաներից։

Նիստից հետո նախարարը լրագրողներին տեղեկացրեց՝ արվելու է ամեն ինչ, որպեսզի երեխաները մեծանան կենսաբանական ընտանիքում: «Մենք այսօր պետք կարողանանք ճիշտ որոշում կայացնել: Մեր երկրում ծնվել են 2 առողջ, հրաշալի տղաներ, և մենք պետք է օգնեք, որ տղաները մեծանան իրենց ծնողների հետ ընտանիքում: Մենք պետք է պաշտպանենք և աջակցենք ընտանիքին: Ես անելու եմ ամեն բան, որ երեխան մեծանա ծնողի հետ: Նպատակը մեկն է` ծնողը պետք է վստահ լինի, որ երեխայի պաշտպանությունը և խնամքը մինչև վերջ մեր ուշադրության կենտրոնում է»,- ասաց նա։

Թանդիլյանը խոսեց Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության, Գյումրու Երեխաների տան, ոստիկանության, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչների կատարած աշխատանքի մասին։

Որդեգրման բում Գյումրիում. բազմաթիվ մարդիկ ուզում են օթևանել հայտնաբերված նորածիններին

«Ծնողը շատ արագ հայտնաբերվել է, մոր հետ զրույց է եղել, և հույս ունեմ, որ այդ զրույցների արդյունքը հետագայում դրական կլինի: Երեխաներն այս պահին առողջ են և շատ լավ ձեռքերում են, ապահով: Մենք պատրաստ ենք աջակցել ընտանիքին, որպեսզի կարողանանք երեխաներին վերադարձնել ընտանիք: Այս պահին իրավական գործընթացն այնպիսին է, որ մայրը հրաժարվել է երեխաներից, բայց մենք կարծում ենք, որ քննարկման հնարավորություն կա»,-ասաց նախարարը։

Թանդիլյանը հայտնեց նաև, որ պատրաստվում է հանդիպել երեխաների մոր հետ:

«Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի ծնողն իմանա, որ երեխան պաշտպանված է լինելու։ Թե ինչպես և ինչ միջոցներով, դեռ քննարկման առարկա է: Չեմ ուզում մանրամասնել, բայց դա չպետք է լինի այն պայմանը, որով մայրը ուզենա իր երեխայի հետ ապրել։ Ես վստահ եմ, որ եթե այս երեխաները լույս աշխարհ են եկել, ուրեմն ծնողն ունի մայրական զգացմունքներ»:

Քանի որ այս գործով քրեական գործ է հարուցվել, նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ այդ հարցով ևս ինքը կհանդիպի քննչական կոմիտեի աշխատակիցների հետ՝ ծնողների և երեխաների համար լավագույն լուծումը գտնելու համար:

Նոր մանրամասներ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերված երեխաների մասին

Իսկ եթե այնուամենայնիվ, այսքանից հետո ծնողը կրկին հրաժարվի երեխաներից, գործողությունները կիրականացվեն ըստ ընթացակարգի: Ի դեպ, երկվորյակներին աջակցելու կամ որդեգրելու ցանկություն հայտնողների թիվը այս պահին էլ ավելանում է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է։