Հայաստանը բարելավել է դիրքերը գլոբալ մրցունակության ինդեքսում. ի՞նչ է դա նշանակում

Գլոբալ մրցունակության ինդեքսը հաշվի է առնում ինստիտուտների որակը, ենթակառուցվածքի վիճակը, ՏՏ և ժամանակակից հաղորդակցությունների ներթափանցումը, մակրոտնտեսական կայունությունը, սպառողական շուկան և այլն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը բարելավել է իր դիրքերը Գլոբալ մրցունակության ինդեքսում` հրապարակված Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից։

2017-2018թթ–ի վարկանիշում 137 երկրների շարքում այն բարձրացել է 73–րդ տեղը, մեկ տարի առաջ Հայաստանը զբաղեցնում էր 79–րդ հորիզոնականը։

Ռուբլու անկումը Հայաստանի աչքերով. դրամը «սոլիդարություն» կդրսևորի՞

Ինչպես նշեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տնտեսական գիտությունների դոկտոր, Ռուս–հայկական համալսարանի տնտեսության և ֆինանսների ամբիոնի վարիչ Մարիամ Ոսկանյանը, ինդեքսում Հայաստանի տեղի փոփոխությունն այնքան լուրջ չէ` արմատական բարելավումների մասին խոսելու համար։

«Բացի այդ, չպետք է մոռանալ, որ մրցունակության ինդեքսը ներառում է բավական շատ որակական բնութագրեր, որոնք անխուսափելիորեն ունեն սուբյեկտիվության որոշակի բաժին։ Ինդեքսն ամեն տարի հաշվարկվում է ըստ բոլոր երկրների, ուստի մեր վարկանիշի բարձրացումը կարող է ընդամենը նշանակել մյուս երկրներում ինչ–որ ցուցանիշների վատացում և նրանց վարկանիշի անկում», – ասաց Ոսկանյանը։

Նրա կարծիքով` բարելավման միակ ցուցանիշը բնակչության բարեկեցության մակարդակի որակական փոփոխությունն է (բարձրացումը)։

Դրան հասնելու համար ոչ միայն ժամանակ է պետք, այլ նաև կառուցվածքային, որակական, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք հնարավոր չէ անցկացնել կարճատև հեռանկարում։

«Այնպես որ՝ ինդեքսում մեր դիրքերի բարելավումը, իհարկե, ուրախացնում է, բայց ինձ թվում է, որ մենք դեռ շատ պետք է աշխատենք, որպեսզի կարողանանք խոսել իսկական տնտեսական հաջողության մասին», – նշեց Ոսկանյանը։

Հայաստանը ԵԱՏՄ-ում․ տնտեսագետը ներկայացրել է հիմնական խնդիրներն ու թերացումները

Ըստ մեկ այլ տնտեսագետի՝ Թաթուլ Մանասերյանի՝ շատերը նշում են, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում նկատվում են դրական փոփոխություններ։

«Բայց ես կհավելեի, որ վերջին տարիներին նույնպես ինստիտուցիոնալ առումով արձանագրվել է որոշակի առաջընթաց, և դա նույնպես հնարավորություն է տվել Հայաստանին զգալիորեն բարելավել իր դիրքերը», – նշեց Մանասերյանը։

Գլոբալ մրցունակության ինդեքսը չափում է չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը երկրների պատրաստվածությունը։ Այն հաշվի է առնում ինստիտուտների որակը, ենթակառուցվածքի վիճակը, ՏՏ և ժամանակակից հաղորդակցությունների ներթափանցումը, մակրոտնտեսական կայունությունը, սպառողական շուկան, աշխատաշուկան, ֆինանսական շուկան, ներքին շուկայի չափը, կրթությունը և հմտությունները, բիզնես զարգացման դինամիկան և այլն։