ԱՄՆ–ի դեսպան Միլսը զարմանում է. ի՞նչ կարող էր նշանակել ղարաբաղյան ուղերձը

Լուր եկավ, որ Հայաստանում իր առաքելությունն ավարտող Ռիչարդ Միլսն արտահայտվել է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։ ԱՄՆ–ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, այդ պատճառով այդ երկրի դիվանագետները կարող են ազատ կարծիք արտահայտել այդ թեմայի շուրջ ու չվախենալ, որ իրենց կմեղադրեն ուրիշի գործերին միջամտելու մեջ։
Sputnik

Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ներկայացրել է իր մտքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ EVN Report հարթակի հետ հարցազրույցում։

Ռիչարդ Միլսը Փաշինյանին համեմատել է ԱՄՆ–ի երկրորդ նախագահի հետ

Բուն այդ փաստը ո՛չ տարօրինակ է, ո՛չ էլ դատապարտելի, դեսպանն իր տեսակետն է  ներկայացրել։ Այլ բան է, որ նրա անձնական տեսակետը, ամեն դեպքում, բարձրաձայն արտահայտածը, դժվար թե էապես տարբերվի Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումից։

ԱՄՆ–ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։ Այս կազմակերպությունը հակամարտության կարգավորման հետ կապված գործողությունների մանդատ ունի։ Ու երբ այդ թեմայով խոսում են ոչ թե շարքային ամերիկացիները, այլ ասենք, դեսպանները, արժե նրանց լսել։ Նույնիսկ չնայած այն բանին, որ Միլսը հաճախ էր շեղվում. մենք շատ բան ենք հիշում։

Հիշում ենք, օրինակ, ինչպես էր պարոն դեսպանն իրեն իրավունք վերապահել խոսել այն մասին, թե ինչպես պետք է վարվի ՀՀ ոստիկանությունը բողոքի ակցիաների ժամանակ, իսկ դա ոչ ամերիկյան, ոչ էլ ցանկացած այլ դեսպանի իրավասությունների մեջ չի մտնում։ Հիշում ենք` ինչպես էր նա մեծամտորեն հրամայում հայ գործարարներին, որոնք ուզում էին Իրանի հետ գործեր վարել, հրահանգավորման համար ամերիկյան դեսպանատուն դիմել։ Եվ այլն…

Բայց հիմա այլ դեպք է. ու եթե Միլսի խոսքերը վրդովմունք են առաջացնում, ապա ոչ այն պատճառով, որ նա միջամտում է այն գործին, ինչին չպետք է միջամտի։

«Ես զարմացած էի, երբ առաջին անգամ այստեղ եկա և պարզեցի, որ ինձ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է «օկուպացված տարածքների» վերադարձին` որպես բանակցային գործընթացի մի մաս: Ինձ զարմացնում է այն փաստը, որ Հայաստանում գրեթե քննարկում չկա ընդունելի լուծման կամ հնարավոր փոխզիջումների մասին: Իմ կառավարության երկար տարիների ընկալումն այն էր, որ այդ տարածքներն ի սկզբանե վերցվել էին հետագայում` «հող՝ խաղաղության դիմաց» բանաձևում օգտագործելու համար: Իսկապես շատ զարմացած էի հայտնաբերել, որ այդ տարբերակն այլևս որևէ աջակցություն չունի», — ասել է Ռիչարդ Միլսը:

Երկու կրակի արանքում. Հայաստանը պետք է համոզի ԱՄՆ–ին Սիրիայի ու Աֆղանստանի հարցում

Մի կողմ թողնենք նման նուրբ հարցի հայերի իսկապես սուր (հիմնավորված) ընկալումը. վերջիվերջո այդպես է տեսնում հարցը համանախագահ երկիրը, ու քանի այն անթույլատրելի միջոցներով չի պարտադրում իր տեսակետը, մենք պետք է հաշվի առնենք այն։

Այստեղ այլ բան է հետաքրքիր. Բաքվում ո՛չ ներկայիս ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, ո՛չ էլ նրան նախորդող Ռիչարդ Մորնինգսթարը երբեք կոչ չէին անում Ադրբեջանին հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները։

Օրինաչափ հարց է առաջանում. եթե ամերիկյան դեսպանները,  լինի դա Երևանում, թե Բաքվում, պետք է անկողմնակալ լինեն, ապա ինչու՞ է հանկարծակի այդպիսի կողմնակալություն դրսևորվում։ Ստացվում է, որ ամերիկյան դիվանագետները չեն տեսնում պետական ակնհայտ հակահայկական քաղաքականությունը, բայց զարմանում են, որ Հայաստանում հասարակությունը «կտրականապես դեմ» է որևէ տարածք վերադարձնելուն։

Դժվար է երևակայել, որ պարոն Միլսը տեղեկացված չէ այն կողմի ընտրած քաղաքականության մասին,  կարգավորման հարցում այն կողմի պահվածքի մասին։

Այս դեպքում դեսպանի զարմանքն անհասկանալի է։