Սևամորթ «ախպերը» Կոտ դ’Իվուարից. հայերին նա թողնում է գլխավոր հաղթանակը

Յաո Սիլվեն Կուասին Հայաստան է եկել` ֆուտբոլ խաղալու։ Նա շատ արագ սկսել է ընկերներ գտնել, հետո` հայերեն խոսել։
Sputnik

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկրներից ժամանած հյուրերի հետ խնդիրներ չկան։ Այդ թվում` լեզվական։ Երևանցիները, տեսնելով օտարերկրացիներին, հաճույքով փորձում են ֆրանսերեն պատասխանել նրանց։ Նույնիսկ, եթե միմյանց չեն հասկանում, օգնության են գալիս սփյուռքի հայերը։ Նրանք ժամանել են Ֆրանսիայից, Բելգիայից, Կանադայից, Հունաստանից և Լիբանանից (դրանք նույնպես Ֆրանկոֆոնիայի երկրներ են)։ Այնպես որ, ինչպես ասում են Հայաստանում, հարց չկա։

Ֆրանկոֆոնիայի ավանի հանդիսավոր բացումը՝ Sputnik Արմենիայի օբյեկտիվից. լուսանկարներ

Իսկ ահա Աֆրիկայից եկած հյուրերի դեպքում մի քիչ բարդ է։ Ամեն դեպքում բոլոր երևանցիները չէ, որ խոսում են ֆրանսերեն։ Այդ երկրներում հայերը շատ քիչ են, և այստեղ ոչ ոք չի եկել։ Եվ Ֆրանկոֆոնիայի ավանում, որը բացվել է Ազատության հրապարակում, Կոտ դ’Իվուարի պատվիրակությունը շուրջբոլորն է նայում իրեն անծանոթ հայոց լեզվի հոսքի մեջ։

Բայց նրանք օգնության եկավ մի հայրենակիցը, որը, որքան էլ զարմանալի լինի, ներկայացնում է Հայաստանում Կոտ դ’Իվուարի համայնքը։ Ներկայացնում է եզակի թվով, բայց լիովին հաջող կերպով։ Նա ցույց է տալիս զարմացած այցելուներին կակաոյի պտուղները և պատմում, թե ինչպես դրանցից խմիչք ստանալ։ Եվ երևանցիները զարմանում են ոչ թե կակաոյի պտուղներից, այլ նրա կարգին հայերենից, որով խոսում է Յաո Սիլվեն Կուասին։ Այնպես որ, կոտդիվուարցիները հիմա նույնպես «հարց չունեն»։

Նա այստեղ եկել է ֆուտբոլ խաղալու։ Չորս տարի առաջ այս տղան Գվինեական ծոցի ափերից եկել է հայկական լեռներ` պայմանագիր կնքելով Մարտունիի «Ալաշկերտի» հետ։ Այստեղ նա աստիճանաբար ձեռք է բերել ընկերներ։ Գլխավորը բաց լինել է, ասում է Կուասին։

Հայկական տաղավարն աշխարհին կներկայացնի Արցախը. Երևանում բացվել է Ֆրանկոֆոնիայի ավանը

«Երբ դու բաց ես մարդկանց համար, ապա հեշտությամբ ես սովորում լեզուն։ Ինձ դասագրքեր պետք չեկան։  Կարելի է ասել` սովորել եմ փողոցում։ Իհարկե, ինձ համար դժվար է բարդ թեմաներից խոսել, բայց կենցաղային հարցերում ամեն ինչ կարգին է։ Ես ուղղակի լսել եմ, թե ինչպես են խոսում իմ ընկերները և ինչպես են խոսում մարդիկ փողոցներում»,– ասում է նա։

Ալաշկերտից հետո Սիլվենը մեկնել է Էստոնիա` ֆուտբոլ խաղալու։ Երկու տարի անց վերադարձել է մեկ այլ հայկական ակումբ` «Լոռի»։ Բայց անցած խաղաշրջանի վերջում նրա պայմանագիրն ավարտվել է և հիմա նա պահպանում է մարզավիճակը` որևէ թիմում խաղալու համար։ Ամենայն հավանականությամբ, արդեն ոչ Հայաստանում։

Նա քանի՞ լեզու գիտի։ Ֆրանսերեն, անգլերեն, հայերեն և մի քիչ իսպաներեն։

«Դպրոցում մեզ սովորեցնում են ֆրանսերեն, դա մեր պաշտոնական լեզուն է։ Անգլերենն օտար լեզու է, իսկ հետո ըստ ցանկության ավելանում է իսպաներենը կամ գերմաներենը», – ասում է Կուասին:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրերը ազգային պար են ներկայացրել Երևանի կենտրոնում

Նա հայերին զարմացրել է ցանկացած գործի ձեռնամուխ լինելու պատրաստակամությամբ։ «Ես կիսապաշտպան եմ, բայց երբեմն մարզիչներն ինձ օգտագործում են այլ դիրքերում։ Դա նորմալ է։ Յուրաքանչյուր մարզիչ ունի խաղի իր տեսլականը։ Պետք է հասկանալ, թե քեզանից ինչ է ուզում մարզիչը և փորձել օգտակար լինել», – ասում է Սիլվենը։

Նա մեծացել է Աբիջանում` Կոտ դ’Իվուարի ամենամեծ քաղաքներից մեկում։ Բայց կակաոյի պտուղների մասին պատմում է որպես հմուտ գյուղացի։

«Մեզ մոտ դա սովորեցնում են թե՛ դպրոցում, թե՛ տանը։ Մեր դպրոցներում սովորեցնում են ամեն ինչ։ Լեզու, ֆիզկուլտուրա և սպորտ, բնության մասին գիտություններ։ Իսկ բնությունը թե՛ հողն է, թե՛ գյուղատնտեսությունը։

Մենք գյուղատնտեսական երկիր ենք։ Ես գյուղացի բարեկամներ ունեմ պապիկիս տանը։ Մենք նրա մոտ գնում ենք արձակուրդներին, ես մանկուց օգնել եմ նրան դաշտում։ Դա ճիշտ է։ Դա ինչ–որ առումով մեր մշակույթն է, որը պետք է մեծերից անցնի փոքրերին, հորից որդուն», – հավելում է Սիլվեն Կուասին։

Ֆրանկոֆոնիան ու Երուսաղեմը. ինչից են Երևանում խոսում կորեական ու արաբական դիվանագետները

Այսինքն` նա կարող է գումար վաստակել ոչ միայն ֆուտբոլի դաշտո՞ւմ։

«Այո։ Մեր երկրում այդպես է ընդունված։ Դրանում ոչ մի վատ բան չկա։ Մեզ մոտ մարդիկ սովոր են հաղթահարել ցանկացած դժվարություն», – ասաց նա։

Հայաստանում նրան ընդունում են որպես «ախպեր», հավելում է Սիլվենը։ Նա հայերին շատ է սիրում և միայն մի բան է խնդրում. մտածել` հաճելի՞ է արդյոք աֆրիկացիների համար լսել «նեգր» բառը։

Ռուսաց լեզվում այդ բառը լիովին նորմալ է հնչում` առանց վիրավորանքի ակնարկի։ Բայց ֆրանսերենում և անգլերենում նման կերպ մարդուն դիմելն անթույլատրելի է, ընդգծում է Սիլվենը։

«Դա շատ վատ բառ է, մեզ մոտ դա վիրավորում է ամբողջ ընտանիքին և հարազատներին։ Դպրոցում ուղղակի պետք է բացատրել երեխաներին, որ այդ բառը չի կարելի ասել աֆրիկացիներին։ Ես հաճախ եմ լսում այդ բառը, երբ ավտոբուսի մեջ եմ լինում կամ շուկա եմ գնում։ Ես ագրեսիվ չեմ, բայց ինչ–որ մեկը կարող է կռիվ սկսել։ Վերջերս նման դեպք է եղել։ Իսկ ինչո՞ւ կռվել դատարկ տեղը», – նշում է Սիլվենը։

Հայտնի է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցառումների ցանկն ու ծրագիրը

Եվ իսկույն խնդրում է իրեն ճիշտ հասկանալ։ Նա ուղղակի չի ուզում, որ ինչ–որ մեկը վատ խոսի Հայաստանի մասին։ Նա ամեն ինչ անում է, որպեսզի աֆրիկացիները սիրեն և հարգեն հայերին։

«Մտեք համացանց, հավաքեք իմ անունը և կտեսնեք, որ արդյունքների մեջ հայտնվում է «Հայաստան» բառը։ Նույնիսկ երբ գնացել էի Էստոնիայում խաղալու, առաջին մարդիկ, որոնց հետ ցանկացել եմ հանդիպել, եղել են հայ համայնքի ղեկավարները», – ասում է նա։

Ինչո՞ւ։ Որովհետև «հայերը լավ մարդիկ են», իսկ լավ մարդիկ ամենուրեք կան։

Առջևում նրան սպասվում են նոր հաղթանակներ ֆուտբոլի դաշտում։ Իսկ հայերին նա թողնում է գլխավոր հաղթանակը` իր մասին լավ հիշողությունը։