Կառավարությունը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի ստորագրած հուշագրի տեքստը

Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Կառավարությունում ավարտվեց ՀՀ վարչապետի ու ԲՀԿ նախագահի հանդիպումը, որի արդյունքում կողմերը 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ  հուշագիր են ստորագրել:

Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել

Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Հուշագիր

2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից եւ ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ մյուս կողմից (այսուհետ՝ Կողմեր)՝ շահագրգռված լինելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդաիշխանության հաստատման գործում,  ստորագրում են սույն հուշագիրը՝ ներքոշարադրյալի վերաբերյալ:

Կողմերը համակարծիք են 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը եւ ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ,  պարտավորվում է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել  վարչապետի որեւէ թեկնածուի: Ինչպես նաեւ խմբակցության պատգամավորները չեն մասնակցի ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու որեւէ նախաձեռնության:

Ծառուկյանը, ինսայդերական տեղեկությունն ու Պուշկինը. ձայն բարբառո անապատի

Կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության եւ փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ:

Կողմերը պատրաստակամ են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, Հայաստանում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան»

Հիշեցնենք, որ մոտ 30 րոպե առաջ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը ֆեյսբուքի իր հաշվում հրապարակել էր բուն փաստաթղթի լուսանկարը: