ԱԺ նախկին պատգամավորին սպանել են Նորք Մարաշում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

«Յուվեցի Կարոյի» սպանության մեջ կասկածվողի ինքնությունն արդեն պարզվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Արմենակյան փողոցում գտնվող հացատներից մեկում կրակոցներ են հնչում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Երևանում սպանել են նախկին պատգամավոր «Յուվեցի Կարոյին»

Րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից։ Հայտնել են, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել հրազենային վիրավորումով երկու տղամարդ։ Հոսպիտալացված տղամարդկանցից մեկը` Կարո Կարապետյանը («Յուվեցի Կարո»), մահացել է։

Դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ և ատրճանակ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկանությունը խոստանում է դեպքի մանրամասներին անդրադառնալ առաջիկայում։