«Հետևում եմ Շառլի խորհրդին». Բաբլոյանը արցունքն աչքերին և դողացող շուրթերով հիշեց Շառլին

ԱԺ խոսնակը հազիվ զսպեց արցունքները իր ընկերոջ` Շառլ Ազնավուրի մասին խոսելիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը արցունքները զսպելով պատմեց իր կյանքի ամենաարժեքավոր խորհրդի մասին, որը տվել է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը։

Բաբլոյանն ու Ազնավուրը ծանոթացել են Հայաստանում Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Այդ օրվանից նրանք մտերմացել են։ Այսօր Բաբլոյանը այցելեց շանսոնյեի տուն-թանգարան, որտեղ գրառում կատարեց սգո մատյանում։

«Նա համոզված էր, որ աշխարհը բարդ է, և որ ցանկացած դեպքում մարդ պետք է պահպանի իր կերպարը։ Դա իմ կյանքի ամենակարևոր խորհուրդն էր, և ես փորձում եմ հետևել դրան», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բաբլոյանը։

Նա ընդգծեց, որ սիրում է Շառլի բոլոր երգերը և չի կարող առանձնացնել դրանցից որևէ մեկը։ Բաբլոյանը խոստովանեց, որ կապված է Ֆրանսիայի հետ, հիմնականում` Ազնավուրի շնորհիվ։ Հիշեց նաև իրենց շփումը Սպիտակի երկրաշարժի ժամանակ։

Спикер парламента Армении Ара Баблоян оставил запись в Книге памяти в доме-музее Шарля Азнавура (2 октября 2018). Еревaн

«Երբ 1991 թվականին ինձ առողջապահության նախարար նշանակեցին, մեր շփումն ավելի գործնական դարձավ։ Ազնավուրի հիմնադրամը շարունակեց աշխատել նաև հետո», — ասաց Բաբլոյանը։

«Օ՜, Հայաստան, Ազնավուր, կարող եք մտնել առանց խոչընդոտի». նախարարը դրվագ պատմեց իր կյանքից

Պաշտոնը լքելուց հետո նրանք ավելի սերտ և բարեկամական շփում են հաստատել։

Բաբլոյանը հպարտ է, որ մտերիմ է եղել մեծագույն երգչի հետ։ Նա համոզված է, որ Ազնավուրը կմնա շատերի սրտերում, իր սրտում։ Այս մասին խոսելիս Բաբլոյանի աչքերը լցվեցին, իսկ շուրթերը դողացին։

94 տարեկան Ազնավուրը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը (իսկական անունը` Շահնուր Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։

Համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1956թ.-ին Փարիզի դահլիճներից մեկում հաջող ելույթից հետո։ Նրա գրած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային թվով ձայնասկավառակ է վաճառել (180 մլն)։