Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական պատկերը. ներկայացնում է ԿԸՀ–ն

ԿԸՀ–ն տեղեկացնում է, որ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների արդյունքները և ներկայացրել, թե որ քաղաքական ուժը քանի մանդատ է ստանում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից։ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները,  վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմել է արձանագրություն` Երևանի ավագանու արտահերթ ընտրության քվեարկության արդյունքների վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Պետք է արագացնենք ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը. Փաշինյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Երևանի ավագանին ընտրվել է, և  մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝

1) «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք՝ 57 մանդատ

2) «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 5 մանդատ

3) «Լույս» կուսակցությունների դաշինք՝ 3 մանդատ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացրել է նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում, համաձայն որի ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա: