«Սուրբ Գրիգոր Լուսավորիչում» թթվածնային բալոնի պայթյունի հետքերով. մանրամասներ

Մինչև շահագործման հանձնելը կայանում անցկացվել էին բոլոր անհրաժեշտ ստուգումները, իսկ աշխատակիցները նախապատրաստվել էին և աշխատանքի թույլտվություն ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացած Վահրամ Գասպարյանն անհրաժեշտ պատրաստվածություն և թույլտվություն է ունեցել` բարձր ճնշման տակ գտնվող սարքը շահագործելու համար։

Հիվանդանոցի թթվածնի արտադրության կայանում խնդիր չի եղել և չկա. նախարարության արձագանքը

Այդ մասին  Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի գլխավոր մասնագետ Ռիմա Դանիելյանը։

Հիշեցնենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում թթվածնային բալոնի պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 25–ի կեսօրին։ Պայթյունի հետևանքով մահացել է հիվանդանոցի թթվածնային կայանի տեխնիկ-օպերատոր Վահրամ Գասպարյանը, երկար տարիներ համատեղության կարգով նաև մանկական բաժանմունքի վարորդ է եղել։ Պայթյունից տուժած երկրորդ անձը ևս թթվածնային կայանի աշխատակից է։

Ինչպես նշել է բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արման Հովակիմյանը, թթվածնային բալոնը հիվանդանոցին չի պատկանել։

Սոցցանցերում տեղեկատվություն է շրջանառվել այն մասին, որ պայթյունը տեղի է ունեցել անվտանգության չափանիշներին կայանի անհամապատասխանության պատճառով։ Հաղորդվում է նաև, որ բոլոր փորձառու աշխատակիցներին հեռացրել են, իսկ նոր աշխատողները վատ են կատարում իրենց գործը։

Դանիելյանը պատմեց, որ թթվածնային կայանն ամեն տարի ստուգվել է, և ամեն անգամ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել։ Նրա խոսքով` կայանը համապատասխանել է անվտանգության բոլոր անհրաժեշտ չափանիշներին։ Սարքի հետ ամեն ինչ կարգին է եղել, իսկ բալոնների կափույրները` նորմերին համապատասխան վիճակում։

«Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում պայթած բալոնը մութ հարցեր է առաջ բերում. լուսանկարներ

«Մինչև շահագործման հանձնելը կայանում անցկացվել են բոլոր անհրաժեշտ ստուգումները, իսկ աշխատակիցները նախապատրաստում են անցել և բարձր ճնշման տակ գտնվող սարքի հետ աշխատելու թույլտվություն ստացել», – գրել է նա։

Դանիելյանը նշեց, որ թթվածնային բալոնները շահագործելիս շատ կարևոր է մարդկային գործոնը։ Նա կոչ արեց չափազանց զգույշ վարվել դրանց հետ` հաշվի առնելով, որ նվազագույն անզգուշությունը կարող է հանգեցնել պայթյունի և ողբերգությունների։