Ընտրություններ հրատապ կարգով. ինչը Փաշինյանին կստիպի արագացնել խորհրդարանի «թարմացումը»

Հայաստանյան փորձագետները չեն բացառում, որ վարչապետը կարող է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին որոշում կայացնել ընթացիկ տարվա հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում ստեղծված տարօրինակ քաղաքական իրավիճակը, որի դեպքում Նիկոլ Փաշինյանի կառավարությունն աշխատում է փաստորեն առանց ԱԺ աջակցությունը վայելելու, շատ մոտ ապագայում ԱԺ ընտրություններ անցկացնելու մասին խոսակցություններ է ծնում։

Ի՞նչ կանի Փաշինյանը Երևան վերադառնալուն պես. վարչապետը մարտական է տրամադրված

«Ժամանակ» թերթն ավելի վաղ գրել էր, թե վարչապետը մտադիր է ԱԺ արտահերթ ընտրություն անցկացնել այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, քանի որ հասկանում է` գարնանը նրա գլխավորած շարժման վարկանիշն ու իմիջը կարող են զգալի ընկնել։ Այս լուրերը թեժացրեց նաև Փաշինյանի հայտարարությունը, որը հնչեց Ավագանու ընտրություններում գրանցած հաղթանակից անմիջապես հետո։

«Ես Երևան վերադառնալուն պես արդեն իսկ բանակցությունների կհրավիրեմ խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչներին, այդ թվում՝ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին՝ նրանց հետ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը և պայմանները», — հայտարարեց Փաշինյանը։

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հիշեցրեց, որ Փաշինյանը հայտարարում էր ընտրությունները մինչև հաջորդ տարվա մայիս անցկացնելու մասին։ Մի կողմից` վարչապետը, իհարկե, մեծ պատասխանատվություն է կրում իր հայտարարությունների համար։

«Սակայն քաղաքական տրանսֆորմացիաները, սոցիալական խնդիրները, անսպասելի տնտեսական դժվարությունները կարող են փոխել ծրագրերը», — ասաց Ղևոնդյանը։

Պարտությունը չի ընկճել «Լույս» դաշինքի անդամներին. նրանք նոր հայտարարություն արեցին

Որոշ ժամանակ հետո հեղափոխական էյֆորիան ժողովրդի շրջանում օբյեկտիվ պատճառներով կնվազի. տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող երկրներում նման էյֆորիան երկար չի տևում։ «Հայաստանում դա դեռ տեղի չի ունեցել, քաղաքացիները դժգոհում են միայն ընթացիկ հարցերից», — ասաց քաղաքագետը։ Հայաստանում կտրուկ քաղաքական շրջադարձները, Ղևոնդյանի կարծիքով, հնարավոր են միայն ֆունդամենտալ խնդիրների առաջացման դեպքում։

«Ներկա պահին քաղաքական համակարգում իրավիճակը պարզապես անհեթեթ է։ Փաշինյանի թիմը խորհրդարանում մեծամասնություն չունենալու պարագայում այսօր խնդիրների է բախվում` տարաձայնություններ ունենալով այն ուժերի հետ, որոնք կառավարության կազմում են», — նշեց Ղևոնդյանը։

Հետևաբար մոտ ապագայում խորհրդարանական ընտրությունների անցկացման սցենարը, ըստ նրա, հնարավոր է, որ իրականացվի։ Առավել ևս, որ ԸՕ փոփոխություններին պետք է հավանություն տա խորհրդարանը, որի վրա վարչապետը կարող է ճնշում գործադրել միայն հասարակության օգնությամբ։

Քաղաքագետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հացահատիկը Վրաստանի տարածքով տեղափոխելու խնդիրը մասամբ հաջողվեց կարգավորել (արգելքի մասին որոշումը 1 տարով հետաձգվել է)։ Այսինքն, եթե կառավարությունը կարողանա կառավարել այն ռիսկերը, որոնք կարող են լուրջ դժգոհության հասցնել, ապա ծրագրերի կտրուկ փոփոխման անհրաժեշտություն չի լինի։

ՀՀԿ-Փաշինյան գործակցության մշուշոտ հեռանկարները. ինչպե՞ս հասնել ԱԺ արտահերթ ընտրության

«Մի կողմից` որքան ուշ անցկացվեն ընտրությունները, այնքան ցածր կլինի ժողովրդական էյֆորիայի մակարդակը։ Մյուս կողմից` կոռուպցիայի դեմ պայքարը, նախկին գործիչների նկատմամբ հարուցած քրեական գործերը, մեծացնում են հասարակական աջակցությունը»,- ասաց Ղևոնդյանը։

Մեկնաբանելով ընտրությունների անցկացման նպատակահարմարության հարցում կասկած ունեցող խորհրդարանական որոշ ուժերի հայտարարությունները` փորձագետը նման դիրքորոշումը բացատրում է նոր խորհրդարան չանցնելու վախով։

«Սա իրական սցենար է` հաշվի առնելով քաղաքացիների աջակցության մակարդակը, որն ունի Նիկոլ Փաշինյանը։ Խոսքը, իհարկե,չի վերաբերում, օրինակ, ԲՀԿ-ին, որն իր ընտրազանգվածն ունի և որի քանակը դանդաղ, բայց աճում է», — ավելացրեց Ղևոնդյանը։

Անկախ դրանից, Փաշինյանը կարող է խորհրդարանի որոշումների ընդունման հասնել մարդկանց փողոց դուրս բերելով։ Սակայն այդ ռեսուրսը հնարավոր չէ օգտագործել յուրաքանչյուր օրենքի քննարկման ժամանակ, քանի որ երկրորդ և երրորդ անգամից հետո քաղաքացիները պարզապես կհոգնեն ցույցի դուրս գալ։

«Այդ ամենը գիտակցում է նաև Փաշինյանի թիմը, հետևաբար պետք է շահագրգռված լինի ԱԺ ընտրությունների արագ անցկացման հարցում։ Իսկ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ուժերի համար յուրօրինակ թեստ էր, լակմուսային թուղթ հետագա գործողությունները և ուժերի դասավորվածությունը հաշվարկելու համար», — ասաց Ղևոնդյանը։

Ի՞նչ կարգով են կազմակերպվելու ԱԺ արտահերթ ընտրությունները. նորի՞ց հեղափոխություն

Քաղաքագետ Նարեկ Գալստյանն իր հերթին կարծում է, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար պետք է նորմատիվ իրավական փոփոխություններ ընդունել ԸՕ-ում և կից օրենքներում։ Այնուհետև պետք է հաջորդեն ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնք կհանգեցնեն ընտրական գործընթացի անխոչընդոտ իրականացման։

«Քաղաքական ուժերը, օրենսգրքի և ինստիտուցիոնալ փոփոխությունների վերաբերյալ համաձայնության գալով, հավանություն տվեցին խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Սակայն ժամկետների խնդիր է առաջանում», — ասաց Գալստյանը։

Առաջին երկուսը տեխնիկական հարցերն են, երրորդը կապված է կոնկրետ կուսակցությունների շահերի հետ։ Քաղաքագետը նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացը կարելի է արհեստականորեն գործարկել, սակայն պետք է հասկանալ, որ նախաձեռնողի` Փաշինյանի համար կարող են խնդիրներ առաջանալ, չէ՞ որ խորհրդարանում դեռ մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն։

Թեև դա էլ, Գալստյանի կարծիքով, անհաղթահարելի խոչընդոտ չէ, նման փորձ արդեն կա (Փաշինյանի վարչապետ ընտրվելը — խմբ.)։ Հանրապետականները պետք է հաշվի առնեն, թե ինչ հետևանք կունենա բարեփոխումներից հրաժարվելը, իսկ Փաշինյանի թիմը պետք է հաշվի առնի, թե հասարակության աջակցության ինչ մակարդակ կունենա ընտրությունների անցկացման պահին` քաղաքական ուժերի վրա անհրաժեշտ ճնշում գործադրելու համար։

Ինչո՞ւ է «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը մեծ պատասխանատվություն Փաշինյանի համար

Միևնույն ժամանակ քաղաքագետը կարծում է, որ տեխնիկական հարցերը պարտադիր պետք է լուծվեն մինչև ընտրությունների անցկացումը, և միայն դրանցից հետո հնարավոր կլինի անցնել ընտրությունների վերաբերյալ քաղաքական առևտրի։

«Չեմ կարող ասել` նրանք կկարողանան ամեն ինչ ավարտին հասցնել մինչև այս տարեվերջ, թե հաջորդ տարվա սկզբին, բայց հանգիստ մթնոլորտում (ինչպես նշում էր Փաշինյանը) ընտրությունները կանցկացվեն մինչև մայիս», — ասաց Գալստյանը։

Քաղաքագետն ընդգծեց, որ խոսքը միայն խորհրդարանում ուժերի հավասարակշռությունը փոխելու մասին չէ, այլև այն մասին, թե ինչպես դա անել։

Գործող Ընտրական օրենսգիրքը չհավանողների շարքում միայն նոր իշխանությունը չէ, բայց այն փոփոխելու համար ժամանակ է հարկավոր։

«Հուսով եմ, որ ամեն դեպքում դա ձմռանը չի լինի, և ստիպված չենք լինի ընտրությունների գնալ ցրտին», — կատակեց Գալստյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ու «Ծառուկյան» դաշինքից ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կասկած էին հայտնել Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության վերաբերյալ։