Ի՞նչ պատճառով հեռացավ Վարդան Մինասյանը, և ո՞վ կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի հավաքականը

Արդյո՞ք սպասելի էր Վարդան Մինասյանի հրաժարականը, և ո՞վ կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Sputnik Արմենիայի սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանը փորձել է գտնել այս հարցերի պատասխանները։
Sputnik

Սեպտեմբերի 22-ին կայացավ ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի արտահերթ ժողովը, որում ընտրվեցին նոր նախագահ և գործկոմի նոր անդամներ: Փաստորեն, ֆեդերացիայում աշխատանքային վերջին օրը, Ռուբեն Հայրապետյանը ընդունեց հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը:

Վարդան Մինասյանի հեռանալը կանխատեսել կարելի էր, բայց պնդել, որ այդպես կլինի` շատ պատճառներով հնարավոր չէր: Ու հիմա, արդեն նրա հեռանալուց հետո, պարզապես կարող ենք նշել`Վարդան Մինասյանը երկար տարիներ ֆուտբոլում աշխատել է Ռուբեն Հայրապետյանի հետ, և նրա հեռանալը պետք է կապել ոչ թե հավաքականի ելույթների, այլ ավելի շատ Հայրապետյանի հեռանալու հետ: Անկախ ամեն ինչից, իմ սուբյեկտիվ կարծիքով, Վարդան Մինասյանը շատ լավ մասնագետ է, իսկ նրա որոշումը դա նրա որոշումն է, ու արժանի է հարգանքի:

Վարդան Մինասյանը հրաժարական ներկայացրեց

Պարզապես, հավաքականի համար կարևոր այս հատվածում մեր ընտրանին մնաց առանց մարզչի: Եվ հիմա մեր ֆեդերացիայի նոր ղեկավարությունը արագ տեմպերով նոր մարզիչ պետք է գտնի: ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը որպես նախագահ իր առաջին ելույթում նշեց, որ Վարդան Մինասյանի հրաժարականը անակնկալ էր իր համար, և հիմա արագ տեմպերով պետք է հավաքականի ղեկին նոր մասնագետ նշանակեն:

Գաղտնիք չէ, որ ազգային թիմի Լիխտենշտեյնի ու Մակեդոնիայի հավաքականների հետ խաղերից հետո համացանցում արդեն նոր թեկնածուների անուններ էին շոշափվում: Յուրի Ջորկաեֆ, Ջանի Դի Բիազի, բացի այդ քննարկվում են նաև հայ մարզիչների անուններ: Հաստատ համոզված եմ, որ թեկնածուների ցուցակը այսքանով չի սահմանափակվի և, կախված բանակցությունների ընթացքից, ՀՖՖ-ն կունենա նաև գլխավոր մարզչի այլ թեկնածուներ:

Յուրի Ջորկաեֆի նշանակումը քիչ հավանական է թվում, չնայած նա դեռևս 2010 թվականին France Football-ին տրված հարցազրույցում հայտարարել էր, որ ուրախ կլինի երբևէ գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Պարզապես Ջորկաեֆը մարզչական աշխատանքի փորձ չունի, չնայած որպես ֆուտբոլիստ հասել է բարձր նվաճումների: Ջանի դի Բիազիին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելն առաջին փորձը չէ:

Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր. Վանեցյան

Եվրո-2016-ի ընտրական փուլի սկզբում նա մեր հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների ցանկում էր, բայց գլխավորեց Ալբանիայի հավաքականն ու առաջին անգամ այդ երկրի պատմության մեջ թիմին դուրս բերեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:

Ջանի դի Բիազին մարզչական հարուստ փորձ ունի, իսկ հիմա նա որևէ թիմ չի ղեկավարում: 2017 թվականի սեպտեմբերին դի Բիազին գլխավորեց իսպանական «Ալավես» թիմը, որտեղ աշխատեց երկու ամիս ու հեռացվեց նոյեմբերին:

Հայ մարզիչների պարագայում, ըստ իս, կա երկու թեկնածություն, որոնք կարող են քննարկվել՝ Արմեն Գյուլբուդաղյանց և Աբրահամ Խաշմանյան: Երկուսն էլ մարզչական հարուստ փորձ ունեն: Աշխատել են հայկական տարբեր ակումբներում: Գյուլբուդաղյանցը ներկայումս Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչն է, իսկ Խաշմանյանը, «Ալաշկերտից» հեռանալուց հետո, առայժմ թիմ չունի:

Ով էլ նշանակվի որպես Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ, նրան հեշտ աշխատանք չի սպասվում: Մեր ընտրանու վերջին երկու խաղերը ցույց տվեցին, որ հավաքականը, մեղմ ասած, լավ վիճակում չէ: Յուրաքանչյուր մարզչին արդյունք ցույց տալու համար խաղադաշտում կատարողներ են հարկավոր: Մեր հավաքականը, բացառությամբ կիսապաշտպանության կազմի, խնդիրներ ունի խաղային մյուս բոլոր օղակներում: Իսկ հոկտեմբերի սկզբին ազգերի լիգայի կարևորագույն խաղերն են կայանալու: