Օսիպյան. «ԲՀԿ–ի շտաբում ոստիկանության բոլոր գործողությունները եղել են օրենքի շրջանակում»

Ոստիկանապետը խոսեց «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված տուգումների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր քվեարկեց հանուն գեղեցիկ, բարեկեցիկ ու օրինապահ Երևանի։ Նա այս մասին ասաց լրագրողներին։

Զոհրաբյան. «Այսպիսի տեռոր անգամ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ չի եղել»

Օսիպյանը կարծում է, որ ընտրություններն աննախադեպ են, և նույնիսկ նախընտրական շրջանում չեն արձանագրվել կոշտ խախտումներ։

Նա նշեց, որ ԲՀԿ շտաբում ոստիկանության բոլոր գործողությունները եղել են օրենքի շրջանակում։ ԲՀԿ-ի` ընտրակաշառք բաժանելու փաստը ստուգվում է, ոստիկանությունը տեղեկություն ունենալուն պես կհաղորդի։

«Բոլոր ստացված ահազանգերը կստուգվեն», — ասաց ոստիկանապետը։

Ինչ վերաբերում է Զոհրաբյանի այն պահանջին, թե ոստիկանապետը պետք է հրաժարական տա, Օսիպյանը հայտարարեց. «Թող պահանջի»։

Նա ասաց, որ արդեն մի քանի քրեական գործ է հարուցվել ընտրակաշառքների մասին։ Բայց չնշեց, թե որ կուսակցություններն են եղել, քանի որ ընտրությունների օրը դա կդիտարկվի որպես հակաքարոզչություն։

Ոստիկանությունը ստուգումներ է անցկացրել ԲՀԿ շտաբներից մեկում

Ինչ վերաբերում է տապալված ասուլիսին, երբ ԲՀԿ-ականները` ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի գլխավորությամբ, միջամտել ու խանգարել էին ասուլիսը, Օսիպյանն ասաց. «Ես անձամբ չեմ տեսել դա։ Ես շատ զբաղված եմ և հեռուստացույց նայելու ժամանակ չունեմ»։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են այսօր՝ սեպտեմբերի 23-ին, առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրությանը մասնակցում են 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: