Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր. Վանեցյան

Նորընտիր նախագահի խոսքով` ինքը որևէ կերպ չի միջամտելու ազգային հավաքականի կազմի ձևավորմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. «Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր»,– մեկնաբանելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հրաժարականը` այսօր լրագրողներին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը։

Վարդան Մինասյանը հրաժարական ներկայացրեց

«Ես Մինասյանի հետ չեմ հանդիպել, ինձ համար անսպասելի էր նրա հրաժարականը։ Հիմա շատ ակտիվ պետք է աշխատենք նոր մարզչի նշանակման ուղղությամբ։ Թեկնածուներ կան և՛ Հայաստանից, և՛ դրսից։ Նրանց անուններն առաջիկա օրերին կներկայացնենք»,–ասաց Վանեցյանը։

Նորընտիր նախագահի խոսքով` ինքը որևէ կերպ չի միջամտելու ազգային հավաքականի կազմի ձևավորմանը։ Գլխավոր մարզիչն ու մարզչական շտաբը կորոշեն ամեն ինչ։

Արթուր Վանեցյանը նաև հավաստիացրեց, որ ազգային հավաքականի հանդիպումների տոմսերի գինը կնվազի։ «Ամենաէժանը հիմա 4 հազար է, կդառնա հազար դրամ»,– ասաց նա։

Հիշեցնենք` այսօր ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ՀՖՖ ժողովում միաձայն ընտրվեց կազմակերպության նախագահ՝ փոխարինելով 16 տարի պաշտոնավարած Ռուբեն Հայրապետյանին։