ԱԺ նախկին պատգամավորներն անկեղծ պատմել են` կարոտել են խորհրդարանը. լուսանկարներ

Հայաստանի խորհրդարանի բակն այսօր ոչ միայն բազմամարդ էր, այլև լի էր հուշերով ու հույզերով։ Գործող խորհրդարանն իր հարկի տակ էր հավաքել ՀՀ Գերագույն խորհրդի (1990-1995) եւ ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների (1995-2018)պատգամավորներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը, ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության տրամադրած տեղեկությունների համաձայն, հրավիրվել են նախկին ու ներկա բոլոր պատգամավորները։

Ովքե՞ր նշեցին Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակը. լուսանկարներ

Հրավերն ընդունած ու խորհրդարան եկած գործիչներից շատերը Sputnik Արմենիայի հետ զրույցում անկեղծացան` պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո տարիներ անց ԱԺ ոտք են դրել հուզմունքով։

ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը խոստովանեց, որ կարոտով է եկել խորհրդարան, քանի որ այստեղ ամեն ինչ իրեն հարազատ է։ Արմեն Խաչատրյանը հիշեց, որ Աժ նախագահ է ընտրվել 1999թ–ի հոկտեմբերի 27-ից հետո, երբ ստացած հրազենային վնասվածքից ու բուժվելուց հետո վերադարձել է խորհրդարան։ «Ուղղակի հիվանդանոցից ինձ բերեցին այստեղ և ընտրեցին ԱԺ նախագահ` նոյեմբերի 2-ին»,– ասաց նա։

Экс-председатель НС Армен Хачатрян на праздновании столетия Национального Собрания Армении (20 сентября 2018). Еревaн

Նորօրյա խորհրդարանականներին Արմեն Խաչատրյանն ավագ գործընկերոջ կարգավիճակով խորհուրդ է տալիս «միավորել բոլոր ջանքերը և լուրջ լուծումների գնալ,  ոչ թե պայքարել միմյանց դեմ, այլ կարողանալ, վատը մի կողմ դնելով, քայլել առաջ` մեկը մյուսին նպաստելով»։

Экс-спикер Парламента Тигран Торосян на торжествах Столетия Национального Собрания Армении (20 сентября 2018). Еревaн

1999-2003 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Թորոսյանը նշեց, որ պաշտոնը թողնելուց հետո առաջին անգամ չէ, որ գալիս է խորհրդարան։ Վստահեցրեց, որ հաճախ է գալիս։ Անդրադառնալով ներկա խորհրդարանի աշխատանքին, Թորոսյանը նշեց, որ այն համարժեք է այսօրվա բազմակուսակցական համակարգին։ «Ցավոք Հայաստանում բազմակուսակցական համակարգը կայացած չէ։ Ես դա այն ժամանակ էլ եմ ասել, երբ խորհրդարանում էի։ Նաև բազմաթիվ հոդվածներ եմ գրել, և սա է մեր երկրի հիմնական խնդիրը»,– ասաց նա։

Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)

ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Հովհաննես Հովհաննիսյանը նույնպես մանդատը վայր դնելուց հետո առաջին անգամ է գալիս խորհրդարան։ Խոստովանեց, որ հուզված է ներս մտել ու հույս հայտնեց, որ Հայաստանի 100-ամյա խորհրդարանական գործունեությունն այլևս երբեք չի ընդհատվի։ Իսկ կրտսեր գործընկերների աշխատանքի մասին հարցին պատասխանեց. «Աշխատում են այնպես, ինչպես կարողանում են։ Ժամանակները փոխվում են։ 10 տարի առաջ երկրում այլ իրավիճակ էր, աշխատանքի ոճն ու որակն այլ էր»։

Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)

Տարիներ առաջ պատգամավորական մանդատը ցած դրած Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ԱԺ էր եկել տոնական տրամադրությամբ։ Ասաց, որ մի քանի տարի խորհրդարանում չի եղել, հասցրել է կարոտել, հատկապես՝ գրադարանը։

Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)

Պարույր Հայրիկյանին խորհրդարան էր բերել ավելի շատ գործնական տրամադրությունը։ Նշեց, որ հուզմունքի կամ կարոտի զգացում չունի։  Հայրիկյանը հիշեցրեց, որ ՀՀ Գերագույն խորհրդում 10 հոգանոց արցախյան պատվիրակություն կար և ափսոսանք հայտնեց, որ  անկախ Հայաստանի առաջին գումարման խորհրդարանում Արցախն այլևս մանդատներ չստացավ։ «Դա կամ տգիտություն էր, կամ սրիկայություն հայ ժողովրդի միասնականության նկատմամբ»,– ասաց նա։

Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)

Գործող խորհրդարանում ամիսներ առաջ մանդատից հրաժարված Աղվան Վարդանյանն այսօր նույնպես եկել էր Ազգային ժողով։ Ասաց, որ ուրախ է, ոգևորված, բայց պառլամենտը չի կարոտել։ Իսկ բարձր տրամադրությունը պայմանավորված է անկախության 100-ամյակով։  «Շատ կուզեի, որ մենք այդ խորհրդի իմաստը գիտակցեինք` մեր սխալներն ուղղելու, և առաջ գնալու գիտակցությամբ»,– ասաց նա։

Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)

ԳԽ և հետագա 4 գումարման պատգամավոր ընտրված Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ առաջին տարի է, ինչ Աժ–ում չէր եղել։ «Շատ էինք հավատում և՛ այդ օրվան և՛ մեր վաղվա օրվան, բայց այդ հավատը, որ կար անկախացման օրերին, ցավոք այսօր դեռ չի իրականացել։ Այսօր վստահությունն այն չէ, ինչ կար այդ օրերին»,– անդրադառնալով անկախության խորհրդին, ասաց նախկին պատգամավորը։

Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)

Բազմափորձ պատգամավոր Աղասի Արշակյանը, հակառակը, վաղվա օրվա նկատմամբ հավատով է լցված, հատկապես` «թավշյա հեղափոխությունից» հետո։ Իսկ նորօրյա խորհրդարանականներին, ասաց, նախանձով է վերաբերվում ու հույսով, որ շատ բան կարող են անել։

«Իրենք բոլորովին այլ ճանապարհով են գնում, ես կասկածում եմ, որ ես իրենց կարող եմ որևէ խորհուրդ տալ», ասաց նա։ Բայց մի խորհուրդ, այնուամենայնիվ տվեց`  չհանձնվել։