ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Երևանի քաղաքապետի աթոռի համար մղվող նախընտրական պայքարն ավարտվում է. այս կապակցությամբ կուսակցությունների և դաշինքների առաջնորդների հայտարարությունները գնալով ավելի սուր են դառնում։ Միևնույն ժամանակ, ինչպես կարծում են փորձագետները, քաղաքական պայքարը նախկին իշխանությունների հետ կապեր ունենալու վերաբերյալ համատեղ մեղադրանքների է հասել։
Հիշեցնենք, որ քաղաքապետի թեկնածուներից մեկը` Նաիրա Զոհրաբյանը («Ծառուկյան» դաշինք), կիրակի օրն իր քարոզչական ելույթում հայտարարեց, որ «Իմ քայլը» դաշինքի (Նիկոլ Փաշինյանի համախոհներ) ավագանու ընտրացուցակում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ առնչություն ունեցող մարդիկ կան։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքով` սկզբնական փուլում թվում էր, թե Ավագանու ընտրությունները պետք է հանգիստ և զուսպ մթնոլորտում անցկացվեին։ Համենայն դեպս, այդպես էին հայտարարում «թավշյա հեղափոխությունից» հետո։ Մարդիկ պետք է ընտրեին, ներկայացրած ծրագրերից ելնելով։
«Ցավոք, առաջին իսկ օրից հայտարարվել էր, որ կան «սև» և «սպիտակ» ուժեր։ Այդպիսով իշխող ուժը իրեն առանձնացրել էր մյուսներից և փորձել առավելագույնս համախմբել հետհեղափոխական էյֆորիայով ապրող մարդկանց», – ասաց Բոզոյանը։
Մարտավարական և քաղաքական տեսանկյունից, հավանաբար, սա ձեռնտու էր «Իմ քայլը» դաշինքին, սակայն լայն հանրային շահերի շրջանակում նման դիրքորոշումը մեծ վնաս հասցրեց, կարծում է քաղաքագետը։
Նա նշում է, որ իշխանական դաշինքը հետևողականորեն պառակտման այս ուղիով էր գնում։ «ԲՀԿ»–ն, հասկանալով, որ կորցնում է դիրքերը, պատասխան «հարված» տվեց։
«Կարելի է ասել, որ ԲՀԿ–ն կարող է ստանալ հասարակության այն մասի աջակցությունը, որը չի ընդունում «սևերի» և «սպիտակների» այդ բաժանումը։ Մի ուժի անհանդուրժողականությունը նման արձագանք է ունենում մյուսի կողմից», – ասաց Բոզոյանը։
Ներկայիս իշխանության գործողությունների վերաբերյալ նմանատիպ արձագանք եղավ նաև «Լույս» դաշինքի մոտ, ինչը, քաղաքագետի խոսքով, հասկանալի է։
Ինչ վերաբերում է Ավագանու ընտրությունների արդյունքներին, ապա ակնհայտ է, որ առաջնորդողը «Իմ քայլը» դաշինքն է։ Բոզոյանին հետաքրքրում է, թե մյուս երկու ուժերի` ԲՀԿ–ի և «Լույսի» ձայներն ինչպես համամասնություն կունենան, նրանց միջև պայքար է ընթանում այն էլեկտորատի համար, որը նոր իշխանությունից ավելի լուրջ փոփոխություններ է ակնկալում։
Ինչ վերաբերում է մեղադրանքների մակարդակին, ապա կողմերը, քաղաքագետի կարծիքով, չեն անցնի «կարմիր գիծը», քանի որ դա երկու ուժերի համար էլ կարող է բացասական հետևանքներ ունենալ։
Միևնույն ժամանակ նա չի բացառում, որ ընտրություններից հետո նրանք կարող են հանգիստ համագործակցել, անկախ հիմա ունեցած սուր բանավեճի։
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը նույնպես կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը իրենց քաղաքականությունը կառուցում են «սպիտակների» և «սևերի» բաժանելու սկզբունքով` իրավիճակն այնպես ներկայացնելով, թե առաջիկա ընտրություններին պայքարը «հեղափոխության և հակահեղափոխության» միջև է գնում։
«Կարելի է ասել, որ բավական հաջող քաղաքականություն է։ Իրավիճակ է ստեղծվել, երբ ընտրապայքարին մասնակցող ուժերը կամ ավտոմատ կերպով ներգրավվում են այդ դիսկուրսում, կամ որևէ այլ բան պետք է առաջարկեն։ Օրինակ, ԲՀԿ–ին մեղադրում են նրանում, որ այդ ուժն առնչություն ունի Քոչարյանի հետ. այն կողմից էլ նույն տիպի պատասխան է գալիս», – ասաց Սարգսյանը։
Քննարկումների, մրցակցության համար մյուս քաղաքական ուժերը այլ հարթակ չեն գտնում։ Ներկայիս պայմաններում` երբ որևէ այլ դիսկուրս ես առաջարկում, շատ դժվար է պոտենցիալ ընտրողների ուշադրությունը գրավել։
Ըստ նրա, հարթակի մյուս կողմում, Ռոբերտ Քոչարյանի կերպարն է, որն անընդունելի է բնակչության մեծ մասի համար։ Մյուս ուժերը նույնպես իրենց կամ Փաշինյանի, կամ Քոչարյանի հետ են ասոցացնում։
Հիշեցնենք, որ Ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Այնուհետև ավագանին քաղաքապետ կընտրի։ Ընտրություններին 12 քաղաքական ուժ է մասնակցում` 4 դաշինք և 8 կուսակցություն։