ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող դիտարկվել Հատուկ քննչական ծառայությունում, և այն պետք է հանձնել այլ գերատեսչություն։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը` մեկնաբանելով ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի ձայնագրությունը։
Պաշտպանը հայտարարեց, որ գործող իշխանությունները ճնշում են գործադրում` կապված Ռոբերտ Քոչարյանի գործի հետ։
Ալումյանը նշեց, որ փաստաբանները սպասել են մինչև այդ խոսակցության հետ կապված բոլոր մարդիկ ելույթ կունենան։ Այն բանից հետո, երբ Քոչարյանի պաշտպանները մանրամասն ուսումնասիրել են ձայնագրությունը և մեկնաբանությունները, նրանք հայտարարություն են պատրաստել։ Դրանում նշվում է, որ ձայնագրության վերլուծության ընթացքում արձանագրվել է իրենց պաշտպանյալի իրավունքների կոպիտ ոտնահարում։
«Առաջին ատյանի դատարանի դատավորը նախօրոք համաձայնեցրել է իր գործողությունները ԱԱԾ ղեկավարի հետ», — ասաց Ալումյանը։
Նա նշեց, որ այդ մասին ուղղակիորեն վկայում են ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքերը հեռախոսազրույցի ընթացքում։
Ուժային կառույցների ղեկավարների զրույցից պարզ է դառնում, որ ԱԱԾ ղեկավարն ուղիղ հրահանգ է տվել առաջին ատյանի դատարանի դատավորին. «Ուզած-չուզած` պետք է կալանքի որոշում կայացնես»։
Ալումյանի կարծիքով, դատելով հեռախոսազրույցից, վարչապետն այսպես թե այնպես ներգրավված է եղել Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու մասին հարցի քննարկման մեջ։
Ինչպես նշեց փաստաբանը, ելնելով ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցությունից, կալանքն ուղղված է եղել խոստովանություն ստանալուն։
Բացատրությունները, որոնք տվել են Վանեցյանը և Խաչատրյանը մամուլի ասուլիսի ընթացքում, ինչպես նաև վարչապետի մեկնաբանությունները` ԱԱԾ ղեկավարի և դատավորի հետ ԱԱԾ ղեկավարի խոսակցության վերաբերյալ, հաստատում են իշխանությունների անօրինական գործողությունների մասին ենթադրությունները, համոզված է Ալումյանը։
«Դատավորն ինքը համոզված է եղել, որ գործը հիմքեր չունի, բայց հրահանգ է ստացել` ուզած-չուզած` պետք է որոշում ընդունես կալանքի մասին», — ասաց փաստաբանը։
Իրավաբանի տեսանկյունից` այդ ամենը վկայում է, որ խախտվել են Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի դրույթները։ Փաստաբանի խոսքով` դատավորների վրա ճնշում է գործադրվում։ Այդ ֆոնին անհասկանալի է իրավապաշտպան կազմակերպությունների և առանձին իրավաբանների լռությունը։ Փաստաբանները դիմում են բոլոր պետական մարմիններին` այդ փաստին գնահատական տալու համար։
Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Քոչարյանի գործը չի կարող հետաքննվել ՀՔԾ-ում և այն պետք է հանձնել մեկ այլ գերատեսչության։
Նա նաև հերքեց լուրերն այն մասին, որ Քոչարյանը կամ նրա փաստաբանները կապ ունեն գաղտնալսման հետ։