ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի—Sputnik, Խաչիկ Չախոյան. Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի առաջին խաղում մրցելու է Լիխտենշտեյնի ընտրանու հետ: Այս զույգի ֆավորիտը բոլորի կողմից համարվում է մեր հավաքականը: Սակայն մեր թիմի բոլոր ֆուտբոլիստները համարում են, որ իրենց սպասվում է դժվարին խաղ «Հանրապետականում»:
Ազգերի լիգան յուրահատուկ մրցաշար է, որ բոլոր հավաքականներին տալիս է հնարավորություն Եվրոպայի առաջնության ուղեգիր վաստակելու համար: Հետևաբար` բոլորն էլ ձգտելու են հաղթանակի հասնել նախ յուրաքանչյուր խաղում, ապա խմբում, ապա նաև փլեյ օֆֆ-ում:
Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ, ամենայն հավանականությամբ, նախընտրելու է հարձակողական ֆուտբոլը: Ճիշտ է Վարդան Մինասյանը շատ ժամանակ չի ունեցել թիմի խաղի մեջ լուրջ շտկումներ անելու համար: Հավաքականը մարզվում է սեպտեմբերի 2-ից: Բայց մյուս կողմից էլ մեր մարզչական շտաբը շատ լավ ծանոթ է հավաքական հրավիրված ֆուտբոլիստներին: Բնական է, որ առաջնային է դառնում յուրաքանչյուր ֆուտբոլիստի անհատական պատրաստվածությունը: Այս առումով խնդիրներ հավաքականում կարող են լինել:
Ինչպես և հավաքականի շատ խաղերում՝ Վարդան Մինասյանի առջև ծառացած է մեկնարկային կազմում ձախ պաշտպանի ընտրության խնդիրը: Պարզ է, որ այս օրերի ընթացքում Մինասյանը այս դիրքում արդեն փորձարկումներ արել է: Համենայն դեպս՝ հավաքականի կազմում ձախ եզրայինի դիրքում խաղացել է Արտակ Եդիգարյանը: Բայց դա չի նշանակում, որ Մինասյանը ընտրելու է հենց Եդիգարյանին: Պարզապես պաշտպանության գծի մյուս խաղացողները, բացառությամբ Հովհաննես Համբարձումյանի, կենտրոնական պաշտպաններ են: Ճիշտ է վերջերս Տարոն Ոսկանյանն էլ «Ալաշկերտում», երբեմն, խաղում է աջ եզրում: Ինչպես ասում են՝ ընտրությունը մարզչինն է: Բացի այդ, վնասվածքի պատճառով մեր հավաքականի ճամբարը լքել է Հրայր Մկոյանը:
Վարդան Մինասյանը հիմնականում սիրում է խաղալ 4-2-3-1 մարտավարությամբ: Ճիշտ է մարտավարության ընտրությունը կախված է նաև մրցակցից, բայց Լիխտենշտեյնի հետ խաղում այս մարտավարությունը կարող է շատ լավ աշխատել: Հենակետային գոտում ընտրելով Արտակ Գրիգորյանին ու Գոռ Մալաքյանին՝ մարզիչը կարող է ենթահարձակվողի դիրքում օգտագործել Մարկոս Պիզզելիին, հարձակման աջ եզրից դեպի կենտրոն տեղափոխություններով՝ Հենրիխ Մխիթարյանին, և վերջապես ձախից՝ Գևորգ Ղազարյանին: Իսկ առջևի գծում կարող են խաղալ և՛ Արթուր Սարկիսով, և՛ Սարգիս Ադամյանը:
Բայց չմոռանանք, որ հավաքականի կազմում իրեն արդեն կարողացել է դրսևորել Իվան Յագանը: Այսինքն` եզրերից մեկում կարող է խաղալ հենց Յագանը և այդ դեպքում արդեն կարող է խաղային լրիվ այլ սխեմա գործել: Անկախ ամեն ինչից թվում է, որ Հայաստանի հավաքականի խաղը ունենալու է հարձակողական ուղղվածություն, հակառակ դեպքում, եթե Լիխտենշտեյնի հետ մենք այդպես չխաղանք, այդ դեպքում ու՞մ հետ այդպես խաղանք:
Բնականաբար, հաշվի առնելով թիմերի իրական հնարավորությունները, խաղային ու տարածքային առավելությունը պետք է, որ լինի մեր թիմի կողմը: Սակայն առաջնային է դառնալու գոլային պահեր ստեղծելն ու օգտագործելը:
Լիխտենշտեյնի հավաքականը հիմնականում մտածելու է պաշտպանվելու մասին, երբեմն դիմելով նաև երկշերտանոց ու զանգվածային պաշտպանությանը: Բայց դա չի նշանակում, որ մերոնք պետք է չզգուշանան մրցակցի գրոհներից: Լրիվ հակառակը, մրցակիցը կարող է օգտվել սխալից ու արագ տեղափոխվել պաշտպանությունից հարձակման, ընդ որում՝ օգտագործելով 3-4 ֆուտբոլիստներ:
Հուսանք, որ Հայաստանի հավաքականը կհաղթահարի մեկնարկային արգելքն ու հաղթական տրամադրությամբ կմոտենա Մակեդոնիայի հետ խաղին: