ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կայանալիք հանդիպումն ուղղված է երկրների միջև հարաբերությունները հարթելուն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռոման Մելիքյանը։
Սեպտեմբերի 8–ին կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Վարչապետի առաջիկա այցը Ռուսաստան իշխանափոխությունից հետո արդեն թվով երրորդն է։
Քաղաքագետը կարծում է, որ Ռուսաստանի նախագահի վերջերս կայացած հանդիպումն Ադրբեջանի նախագահի հետ, Ռուսաստանից եկած տարատեսակ հայտարարությունները, այդ թվում` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի շուրթերից, նաև Արևմուտքի զուսպ վերաբերմունքը ստիպում են Փաշինյանի կառավարությանը վերանայել իրենց դիրքորոշումը հայ–ռուսական կապերի հարցում։
«Ըստ ամենայնի` հանդիպմանը քննարկվելու են հայ–ռուսական հարաբերություններն ու արցախյան կարգավորումը։ Հավանաբար, քննարկվելու է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը», – կարծում է Մելիքյանը։
Քաղաքագետը կարծում է նաև, որ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կալանքի մասին որոշումից հետո Հայաստանը պետք է վերահաստատի Ռուսաստանի հետ իր վստահելի գործընկեր լինելը։
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին ասաց, որ հայ–ռուսական հարաբերությունները ոչ բարենպաստ շրջան են ապրում։ Նա կարծում է, որ Ռուսաստանն անհանգստանալու առիթ ունի, հաշվի առնելով Փաշինյանի ու իր կառավարության գործողությունները։ Նրա կարծիքով` հանրապետության իշխանությունները պետք է զիջումների գնան, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են դաշնակցային հարաբերություններով։
«Սա բարձր մակարդակով արդեն երրորդ հանդիպումն է, ինչը վկայում է խնդիրների առկայության մասին, որոնք պետք է քննարկել ու լուծել։ Իշխանությունները պետք է հիշեն, որ հայ–ռուսական հարաբերությունները կարևոր են մեր երկրի համար ինչպես տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական առումով», – ընդգծեց Սարգսյանը։
Նա կոչ արեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին երկկողմանի հարաբերությունների հարթմանն ուղղված հստակ քայլեր մշակել։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ակցիան ցրելու մասին գործը, հայտնել էր, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության այն հայտարարություններին, թե քաղաքական վենդետա չի լինելու։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ Մոսկվան չի արել մի բան, որը կարելի է Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ անվանել։ ՀՀ կառավարության անդամներն ու Փաշինյանն ինքը բազմաթիվ անգամ հայտարարել են, որ երկու երկրների միջև խնդիրներ չկան։