ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի—Sputnik. Նելլի Դանիելյան. Դպրոցը դեռ չի բացվել, բայց կրքերը դրա շուրջ արդեն բորբոքվել են։ Խոսքը Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կառուցած մասնավոր դպրոցի մասին է։
Դպրոցի շինարարությունը մոտենում է ավարտին, շրջակա շենքերի բնակիչները սպասում են նոր դպրոցի բացմանը, երբ հայտնի է դառնում, որ դրա տարեկան վարձավճարը 1 մլն դրամ է լինելու։
Ի դեպ, դպրոցից բացի, նույն ուսումնական համալիրի տարածքում նաև մանկապարտեզ ու մարզասրահ է գործելու։ Դրանց վարձավճարները ևս, բնակիչներին հասած տեղեկություններով, դպրոցի գներից առանձնապես չեն տարբերվում։
Այս լուրերն իրարանցում են առաջացրել բնակչության շրջանում, որոնք իրենց երեխաներին այս համալիրում ուսման տալու հույս էին փայփայում։ Ծարավ աղբյուրի մի քանի շենքերի բնակիչներն արդեն իսկ բաց նամակով դիմել են «Գազպրոմ Արմենիայի» 100 տոկոսանոց բաժնետեր ռուսաստանյան «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին։
Բաց նամակում բնակիչները հիշեցնում են, որ 2015թ.-ի ապրիլի 14-ին՝ Երևանի ավագանու N 313-Ա որոշմամբ սկիզբ դրվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» ծրագրին, որը ՀՀ Նախագահի աշխատակազմի և ընկերության պաշտոնական կայքերում հիշատակվել է որպես «Գազպրոմը՝ երեխաներին» սոցիալական ծրագրի բաղադրիչ։
«Սպորտային համալիրը կառուցվում է Ծարավ աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեի 31841.05 քմ մակերեսով հողատարածքում: Ընդ որում, համաձայն Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստման, տվյալ տարածքում քաղաքապետարանի կողմից պետք է համայնքի բնակիչների համար պուրակ կառուցվեր: Ինչևէ, մենք՝ համայնքի բնակիչներս, այդպես էլ պուրակի կառուցմանը ականատես չեղանք: Սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ թաղամասին ամենամոտ դպրոցը և մանկապարտեզը տեղակայված են այնքան հեռու, որ հաճախել պետք է միայն տրանսպորտային միջոցի օգնությամբ, որպես սփոփանք ստացանք նոր խոստում, այն է՝ ապահովել թաղամասի երեխաների անվճար ուսումը «Ուսումնական-սպորտային համալիրի կառուցման» շրջանակում կառուցվող դպրոցում և մանկապարտեզում»,– ասված է նամակում:
Բնակիչները նշում են, որ ծրագրի մեկնարկից 3 տարի անց են հասկացել, որ «սոցիալական և բարեգործական ներկայացված ծրագիրն ընդամենը նոր բիզնես նախագիծ է»։
Նամակի հեղինակները հիշեցնում են նաև, որ թաղամասը կառուցվել է «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» ծրագրի շրջանակներում, և իրենք իրենց բնակարանները ձեռք են բերել հիփոթեքով, որը շարունակում են վճարել։
«Նախագիծը հասանելի է լինելու հասարակության որոշ խավի համար միայն, որն ունի միջինից զգալի բարձր եկամուտ»,– եզրահանգում են բաց նամակի հեղինակները` «Գազպրոմ» ընկերությանն առաջարկելով վերանայել վարձավճարի հանդեպ մոտեցումները` ի նշան հայ-ռուսական բարեկամության:
Հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար SputnikԱրմենիան դիմեց «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։ Այստեղ, սակայն, խնդիրը չմեկնաբանեցին`առաջարկելով հարցերը ներկայացնել գրավոր։
Իսկ ինչ վերաբերում է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրին, որի շրջանակներում կառուցվել է ուսումնական-մարզական համալիրը, ինչպես նշված է «Գազպրոմ» ընկերության պաշտոնական կայքում, այն «Գազպրոմի» առանցքային սոցիալական ծրագրերից մեկն է, որի նպատակն է «պայմաններ ստեղծել երեխաների ու պատանիների ներդաշնակ ինտելեկտուալ, հոգևոր և ֆիզիկական զարգացման, մարզական ու արվեստի խմբակցներում հնարավորինս շատ երեխաների ներառման համար»։
Ծարավ աղբյուրում կառուցվող համալիրի ու դրա կազմում ներառված դպրոցի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով SputnikԱրմենիան դիմեց նաև Երևանի քաղաքապետարան և Կրթության ու գիտության նախարարություն։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ նշված դպրոցն իրենց հաշվեկշռում ներառված չէ։ Իսկ ԿԳՆ–ից հայտնեցին, որ «Գազպրոմը» ուսումնական հաստատության կրթական ծրագրի լիցենզավորման համար առ այս պահը ԿԳՆ չի դիմել։
Այդուհանդերձ, նախարարությունում նաև հայտնեցին, որ մասնավոր դպրոցների վարձավճարների հաստատման կամ դրանց վերանայման որևէ իրավասություն իրենք չունեն։ Դրանք միանձնյա սահմանում է դպրոցի սեփականատերը։