Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա հարձակվածներից մեկին հայտնաբերեցին Վրաստանում

Ավազակային հարձակման մասնակցին շուտով կտեղափոխեն Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի — Sputnik. Ոստիկաններն ու քննիչները Վրաստանում հայտնաբերել են Մարմարաշեն գյուղի բնակիչ, 49-ամյա Գագիկ Դանոյանին, որը կասկածվում է Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի ու նրա ընտանիքի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ցնցող մանրամասներ. դատավորի վրա հարձակվածներից մեկը Ծառուկյանի նախկին թիկնապահներից է եղել

Ըստ կայքի` Դանոյանն արդեն բերման է ենթարկվել և առաջիկայում կտեղափոխվի Հայաստան։

Նույն լրատվամիջոցն ավելի վաղ հայտնել էր, որ Դանոյանն ավազակային հարձակման մեջ կասկածվող մեկ այլ անձի` Մայիս Մկրտչյանի աներն է և երկար տարիներ եղել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի թիկնապահը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում։ 3 հոգի՝ զինված ինքնաձիգներով, Ձորաղբյուրում հարձակվել էին Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի տան վրա։

Տան սեփականատեր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Մկրտումյանն ու նրա հայրը՝ Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 10 հասցեի բնակիչ, 58-ամյա Արման Մկրտումյանը, տանն էին եղել, երբ տանը տեղադրված տեսախցիկով նկատել էին, թե ինչպես են նշված անձինք ներխուժում իրենց տուն: Հայր և որդի Մկրտումյանները դիմադրություն էին ցույց տվել և Գ. Մկրտումյանը իր անվամբ, օրինական հաշվառված «Վալտեր» տիպի գազային ատրճանակով կարողացել էր վնասազերծել նրանցից մեկին։