Ինչո՞ւ էր Արմեն Աշոտյանը եկել կառավարություն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր այցելել էր ՀՀ կառավարության շենք։ Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, թե ինչն է իր այցի պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր կառավարության շենքում էր։ Իր այցի մասին լրագրողների հարցին Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Իմ կոնստրուկտիվ քննադատությունից հետո վարչապետի որոշման մեջ փոփոխություն եղավ, ինձ վերադարձրին Հայաստան-ԵՄ համաձայնագրի միջգերատեսչական հանձնաժողովի կազմ»։

Հանձնաժողովն այսօր գումարել է առաջին նիստը, որին մասնակցելու համար էլ Արմեն Աշոտյանը եկել էր կառավարության շենք։

«Ինձ լավություն չեն արել». ինչո՞ւ էր Արմեն Աշոտյանը գնացել Նիկոլ Փաշինյանի միջոցառմանը

Մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աշոտյանը հեռացվել էր հանձնաժողովից։

Արմեն Աշոտյանը կարծիք հայտնեց, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության գերակայություններից մեկը։

«Դեռ մինչև կառավարության ծրագրի հաստատումը ես քաղաքական հայտարարություն եմ արել՝ առաջարկելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումը դարձնել կառավարության ծրագրի մաս: Ցավոք, կառավարությունը ոչ միայն չարեց դա ժամանակին, այլև մինչ այսօր համաձայնագրի իրականացման հետ կապված գործուն քայլեր չեն ձեռնարկվել»,- ասաց Աշոտյանը։

Նրա խոսքով` անկախ քաղաքական տարաձայնություններից արտաքին քաղաքական ոլորտում կան գերակայություններ, որոնց հարցում կառավարությունը պարտավոր է ականջալուր լինել քաղաքական այլ ուժերի` ընդդիմադիր գործիչների քննադատությանը, որոնք կարող են օգտակար լինել ծրագրերի իրականացմանը։