Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արցախ այցելած Բիլզերյանի նկատմամբ

Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանը դիմել է Ինտերպոլին՝ ամերիկահայ Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու պահանջով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հայտարարությանը։

Դեն Բիլզերյանը մեկնելուց առաջ Ծիծեռնակաբերդ է այցելել. լուսանկարներ

Գլխավոր դատախազությունը «պարզել» է, որ այս տարվա օգոստոսի 28-ին Բիլզերյանը «Հայաստանի տարածքում մի խումբ անձանց հետ հանցավոր պայմանավորվածություն ձեռք բերելով` կազմակերպված հանցախմբի կազմում խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապօրինաբար հատել է Ադրբեջանի Հանրապետության սահմանները` հայտնելով Ղարաբաղում»։

«Ադրբեջանի օկուպացված հողերում նա ապօրինաբար ձեռք է բերել նռնակներ, հրացան, հրազենային զենք ու ցուցադրաբար կրակ է բացել»,- նշված է հաղորդագրությունում։

«Պոկերի արքայի» նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Նշենք, որ Բիլզերյանն Արցախում ցուցադրել էր կրակելու հմտությունները։

Բիլզերյանի հետ Արցախ էին մեկնել նաև նրա հայրը, եղբայրը, ընկերուհիները, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Բիլզերյանը Հայաստան էր ժամանել օգոստոսի 27-ի առավոտյան մասնավոր ինքնաթիռով։

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել էին լրագրողներն ու երկրպագուները։ Նա հասցրել է հայկական անձնագիր ստանալ, զբոսնել Հայաստանի մայրաքաղաքում։

Զբոսանքի ժամանակ նրան ուղեկցում էին երկու գեղեցկուհիներն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին` Լևոնը։

Օգոստոսի 27-ին նրանք մեկնել էին Սևան, որտեղ Բիլզերյանի ընկերուհին լուսանկարվել էր Սիրուշոյի հետ։

Ամերիկահայ միլիոնատերը Հայաստանից Թաիլանդ է մեկնել օգոստոսի 29-ին։