Հայկական խաղող. ի՞նչ է պետք անել, որպեսզի այն «չխժռեն»

Այս տարի խաղողի այգիներում սնկեր են տարածվել, բայց նաև հին դարդ կա` ֆիլոքսերան, որը հետզհետե ավելի վտանգավոր է դառնում։ Դրա դեմ պայքարելն ամեն գյուղացու գրպանի բան չէ։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Այս տարի Հայաստանի խաղողի այգիները սովորականից շատ են տուժել սնկային հիվանդություններից, հիմնականում` միլդյուից։

«Այս տարի կարելի էր անցյալ տարվանից 30%-ով շատ բերք ակնկալել, բայց հիվանդության պատճառով մի փոքր կկրճատվի», — ասում է «Գինու ազգային կենտրոնի» ղեկավար Ավագ Հարությունյանը։

Հայկական գինին պետք է արտադրվի խաղողի հայկական տեսակներից

Ինչո՞ւ էր այս տարի սունկը սովորականից ավելի ինտենսիվ տարածվում։ «Տաք ձմռան պատճառով», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։

«Ցավոք, պայմաններ են ստեղծվել հիվանդությունների և վնասատուների ակտիվության համար։ Դեռ գարնանը, երբ նախարարությունում չէի աշխատում և որպես փորձագետ էի հանդես գալիս, ես նախազգուշացրել էի գյուղացիներին սպառնացող վտանգի մասին։ Որտեղի՞ց է այդ վտանգը հայտնվել։ Ցրտեր և ձյան շերտեր չեն եղել։ Դա էլ հենց թույլ է տվել վնասատուներին դիմանալ ձմռանը», — պարզաբանեց Պետրոսյանը։

Դրան գումարվել է նաև մայիսյան խոնավությունը, ինչի հետևանքով սունկն ավելի շատ է «երես առել»։ Ու եթե սովորաբար միլդյուի դեմ մեկ-երկու պրոֆիլակտիկ սրսկումը հերիքում էր, ապա այս տարի ստիպված են եղել երկու շաբաթը մեկ սրսկումներ անել։

Բերքը միլդյուից կտուժի, բայց ոչ շատ։ Առավել վտանգավոր է մյուս վնասատուն` ֆիլոքսերան, որը խաղողի այգիներն արմատից է ոչնչացնում։

Մենք արդեն գրել ենք, որ Արարատյան դաշտը խաղողագործության սակավաթիվ շրջաններից էր, որտեղ ֆիլոքսերա չկար։ Սակայն 2000-ականներին կեսերին հայտնվեց նաև այստեղ։ Ընդ որում` տարածվեց ոչ թե տերևային, այլ արմատային ֆիլոքսերան, ինչն ավելի վտանգավոր է։ Այսօր դրա դեմ պայքարելու միակ միջոցը խաղողի վազերն այլ` հիվանդության նկատմամբ ավելի դիմացկուն արմատների (պատվաստակալների) վրա տեղափոխելն է։ Ճիշտ է` եթե խաղողի ծառն այլ արմատի վրա է աճում, ավելի քիչ է ապրում, բերքատվությունն էլ կարճ է. ոչ թե 50-60, այլ 30-35 տարի։ Այդուհանդերձ, սա առայժմ միակ միջոցն է խաղողի այգիների կյանքը պահպանելու համար։

Անտեսանելի թշնամին կարող է Հայաստանին զրկել խաղողից

Այդ նպատակով ՄԱԿ-ի արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) ֆինանսավորում է Հայաստանում կայուն պատվաստակալների (հիմնականում ամերիկյան տեսակների հիման վրա) տնկարան ստեղծելու ծրագիրը։ Տնկարանների կողքին արդեն տեղական խաղողի տեսակներից (հայտնի «Արենի», «Մսխալի», «Կանգուն» և այլ) կազմված այգի են տնկել։ Ագրոնոմները կհետևեն, թե տեղական տեսակներն ինչպես կհարմարվեն այլ արմատներին։ Երբ լավ արդյունքների հասնեն, կսկսեն այդ արմատները գյուղացիներին վաճառել և պատվաստում սովորեցնել նրանց։

Ճիշտ է` դա ոչ միայն աշխատատար, այլև ծախսատար կլինի (ինչի մասին մենք արդեն գրել ենք)։ Մեկ տնկին մոտավորապես 500 դրամ կարժենա։ Իսկ մեկ հեկտարի վրա տեխնիկական սորտերի ավելի քան 2600 վազ են տնկում (գինու և կոնյակի համար) և մի փոքր պակաս, եթե սեղանի սորտեր են տնկում։ Այսպես թե այնպես մեկ հեկտարի համար առնվազն 2 հազար դոլար կպահանջվի։ Եվ գյուղացին ստիպված կլինի որևէ տեղից գտնել այդ գումարը։ Այլ կերպ չի լինի. մի քանի տարվա ընթացքում խաղողը կմահանա։

«Ցավոք, չի կարելի բացառել, որ խաղողի վազերը կխոշորանան և կկուտակվեն ունևոր հողագործների մոտ, որոնք կարող են ֆինանսապես հոգալ այդ աշխատանքները», — ասում է Ավագ Հարությունյանը։

Կարելի՞ է արդյոք չունևոր գյուղացիներին ֆինանսապես օգնել, գոնե մասնակիորեն։ 2019 թվականի պետբյուջեի նախնական նախագծում նման ծախսեր ներառված չեն։ Ում և որքան օգնելու հարցը կորոշեն հաջորդ տարի, երբ պատվաստումները գործողության մեջ կփորձարկեն գյուղացիների այգիներում։