ՀԱՊԿ–ի շուրջ ձևավորված պասյանսն Արցախին չի վերաբերում. ո՞վ կփորձի պայթեցնել ականը

Ասեկոսեներն այն մասին, թե Ադրբեջանը ձգտում է մտնել ՀԱՊԿ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ որևէ ընդհանուր բան չունեն։ Այդ գործընթացները ոչ միայն չեն հատվում, այլ ավելին` նույնիսկ նույն հարթության վրա չեն գտնվում։
Sputnik

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

ՀԱՊԿ-ի ռազմական դաշինքի խնդիրն ու արցախյան ճգնաժամը տարբեր հարթություններում են

Կողմնակի վերլուծաբաններին, չգիտես ինչու, թվում է, թե ՀԱՊԿ-ում Հայաստանի կշիռն ու հեղինակությունը համեմատական են երկրի չափերին և բնակչության քանակին։ Սրանից հանգում է, որ այդ ռազմական դաշինքում ավելի հզոր Ադրբեջանի պոտենցիալ անդամակցությունը կարող է շեշտադրումները փոխել նրա օգտին։ Սակայն նման դասավորվածությունն այնքան հեռու է իրականությունից, որքան այն պնդումը, թե արցախյան հարցը կարող է ուժային լուծում ունենալ։

Դաշույն սահմանին՝ ՀԱՊԿ–ի ու ՆԱՏՕ–ի աշխարհաքաղաքական դիմակայության սայրին

Որքան էլ հակամարտության կողմերը ապահովված լինեն գերժամանակակից սպառազինությամբ, ստեղծված բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում տարածաշրջանի խոշոր խաղացողները պարզապես թույլ չեն տա պայթեցնել իրավիճակը Հարավային Կովկասում։

Բավական է միայն հիշել, թե ինչպես կտրուկ սրվեցին իրանա-ամերիկյան և թուրք-ամերիկյան փոխհարաբերությունները։

Իսկ եթե հաշվի առնենք նաև Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում, ապա հասկանալի է դառնում, որ մարած հակամարտությունների օջախներում ցանկացած սրացումը դանակով հարված կլինի սրտին։

Եվ եթե մի քանի տարի առաջ դեռ կարելի էր հասկանալ, թե ինչու է Թուրքիան ուժեղացնում իր ազդեցությունը և այդ պատճառով կարող էր Կովկասում սրել իրավիճակը, ապա այսօր նույնիսկ Անկարան դրա ժամանակը չունի, որովհետև դժվարագույն ճգնաժամից դուրս գալու խնդիր պետք է լուծի։

Արցախն ական է, որը վտանգավոր է հարավկովկասյան ամբողջ տարածաշրջանի համար

Հակամարտության ներկայիս ստատուս-քվոն ձեռք չի տալիս ո՛չ Բաքվին, ո՛չ Երևանին։ Իրավիճակը վտանգավոր է նրանով, որ այն հնարավոր է պայթեցնել ցանկացած պահի։ Ընդ որում, հենց նրա կողմից, ում ձեռնտու կլինի այլ նպատակների համար։

Օրինակ` նույն ամերիկացիների, որոնք վաղուց նաև Իրանի վրա ատամ ունեն։ Հենց ԱՄՆ-ի համար կարող է գայթակղիչ լինել փոքր տարածաշրջանային իրարանցում սադրել, որը կարող էր նախադրյալ հանդիսանալ Իրանի դեմ բաց արշավի համար։

ՀԱՊԿ-ը մտադիր չէ ուժ կիրառել ներքին հակամարտություններում

Չէ՞ որ այսօր ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Վաշինգտոնը մի օր չի որոշի հարվածել Թեհրանի միջուկային օբյեկտներին։ Եվ այդ առումով ղարաբաղյան հակամարտության ներկայիս ստատուս-քվոն այն ականն է, որը կարող է պայթել տարածաշրջանում։

Հասկանալի է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո սառած բանակցային գործընթացն անհանգստացնում է բոլորին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններից հետո, որ Ստեփանակերտը պետք է բանակցային սեղանի մոտ վերադառնա որպես ինքնուրույն կողմ, Բաքուն կարող էր ռադիկալ պատասխան տալ։ Եվ կպատասխաներ, եթե չլիներ վերոնշյալը։

Հարավային Կովկասի վրա կախված վտանգն ավելի գլոբալ է, քան Արցախը

ՀԱՊԿ-ին Արդբեջանի անդամակցության հավանական հեռանկարի վերաբերյալ տրամադրությունների ստուգումը, ըստ ամենայնի, կապված է այն հանգամանքի հետ, որ ուզում են հասկանալ, թե բարիկադների որ կողմում կցանկանան հայտնվել էլիտան և տեղի հասարակության մյուս շերտերը, եթե Կովկասում իսկապես պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվի։

ՀԱՊԿ երկրներն իրենց իրավունքները կկարողանան պաշտպանել միայն համատեղ ջանքերով

Մնացածը պարզապես քող է։ Պրագմատիկ քաղաքական գործիչները, վերլուծաբանները և դիվանագետները շատ լավ են հասկանում, որ միամտություն է կարծել, թե ռազմական լուրջ կազմակերպության անդամակցությունը մյուս դաշնակիցների նկատմամբ ճնշումներ գործադրելու արտոնություններ է տալիս։

Ակնհայտ է նաև այն, որ Ադրբեջանին ՀԱՊԿ ընդունելու ժամանակ Հայաստանն անպայման կօգտվի վետոյի իր իրավունքից։ Այդ դեպքում վերջնական խոսքը կասի ՀԱՊԿ-ի լոկոմոտիվ Ռուսաստանը։

Իսկ Մոսկվան Երևանի վրա ճնշում չի գործադրի։ Քաղաքականությունը, իհարկե, կոնյունկտուրային բան է, սակայն Հարավային Կովկասում Ռուսաստանի և Հայաստանի իրական ընդհանուր շահերն ավելի ակնհայտ են, քան տեսական հեռանկարները։