ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Մոսկվայում 57-ամյա հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործում սկանդալային մանրամասներ են ի հայտ եկել. պարզվում է` հանգուցյալ Միխայիլ Խաչատուրյանը ժամանակին եղել է այն հասարակաց տան մշտական հաճախորդը, որի սեփականատերը եղել է նրա ապագա զոքանչը։ Այս մասին «Անդրեյ Մալախով. Ուղիղ եթեր» հաղորդման տաղավարում պատմել են վկաները։
Նոր վկաները պնդում են, որ 90-ականներին աղջիկների տատը` Լարիսա Տոդիկան, Յարոսլավսկի մայրուղու տներից մեկում հասարակաց տուն է ունեցել։ Հարևանների խոսքով` սպանված Միխայիլ Խաչատուրյանն այդ հաստատության մշտական հաճախորդն է եղել։
Նրանք նաև հիշել են, որ հանգուցյալի զոքանչն այն ժամանակ Յարոսլավսկի մայրուղու տներից մեկում երկու 1 սենյականոց բնակարան էր վարձակալել, 10-րդ հարկում ապրում էր նա, իսկ 13-րդում աշխատում էին թեթևաբարո կանայք։
Վկաների խոսքով` Լարիսա Տոդիկան այդ ամենի մեջ ներքաշել էր նաև դստերը` Աուրելիային։ Հենց այդ հասարակաց տանն է Միխայիլ Խաչատուրյանը ծանոթացել ապագա կնոջ հետ։
Հասարակաց տան շքամուտքի ավագ աշխատող Մարինա Ռյաբովան պատմել է. «Լարիսա Տոդիկան այն ժամանակ կավատ էր։ Խաչատուրյանը նրա VIP-հաճախորդն էր, և նրան երևի դուր էր եկել Տոդիկայի դուստրը»։
Ռյաբովայի խոսքով` Լարիսան իրեն ևս առաջարկել է մտերմանալ այնպիսի տղամարդու հետ, որը «լավ կվճարի»։
Միևնույն ժամանակ, «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի թղթակիցներ Լև Սպերանսկին և Եկատերինա Սվեշնիկովան լրագրողական հետաքննություն են անցկացրել և զրուցել այդ հասարակաց տանն աշխատող կանանց հետ։ Ինչպես գրում է «Վեստին», նրանց ցուցմունքներն ամբողջությամբ հաստատում են Մարինա Ռյաբովայի ասածը։
Լարիսա Տոդիկան, հաղորդման տաղավարում հայտնվելով, հերքել է այս տեղեկությունն ու հայտնել, որ իրեն ծանոթ չէ Յարոսլավսկի մայրուղում գտնվող այդ տան հասցեն։
Արդյո՞ք կինը պատրաստ է ստի դետեկտորով ստուգում անցնել և պատասխանել այն հարցերին, թե ինչու ոչ ոք ոստիկանությանը չի հայտնել հասարակաց տան մասին, և ինչ է զգացել էքստրասենսը Խաչատուրյանների բնակարանում. այս և այլ հարցերի պատասխանները հնչում են «Անդրեյ Մալախով. Ուղիղ եթեր» հաղորդման տաղավարում։
Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։