Հայտնել են Կեմերովոյի սարսափելի հրդեհի հավանական աղբյուրը

Ռուսաստանի քննչական կոմիտեի անկախ փորձաքննությունների բյուրոն ուսումնասիրել է «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հանգամանքները և ողբերգության հիմնական վարկած առաջ քաշել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Քննությունը հայտնել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում այս տարվա մարտին ավելի քան 60 մարդու կյանք խլած հրդեհի հավանական պատճառը։

Ինչպես գրում է «Կոմերսանտը», Ռուսաստանի քննչական կոմիտեի անկախ փորձաքննությունների բյուրոն ուսումնասիրել է առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հանգամանքներն ու եկել այն եզրակացության, որ շենքի էլեկտրահաղորդալարերը վատ վիճակում են եղել, իսկ հրդեհի բռնկման հավանական պատճառ են դարձել լուսավորությունն ապահովող լուսադիոդային պլաֆոնները։

Տեսախցիկն արձանագրել է` ինչ է կատարվել հրդեհի պահին «Զիմնյայա վիշնյայի» դահլիճների մոտ

Նշվում է, որ ձնհալի ժամանակ տանիքից սկսել է ջուր կաթալ։ Այն լցվել է պլաֆոնների վրա, որոնք սկսել են ժամանակ առ ժամանակ մարել։ Առևտրի կենտրոնի աշխատակիցները դրան ուշադրություն չեն դարձրել, սակայն հրդեհի օրը` մարտի 25-ին, ջահերն ամբողջությամբ ջրով լցված են եղել և կարճ միացում է տեղի ունեցել։

Փորձագետները նշել են, որ տեսականորեն «Զիմնյայա վիշնյա» էլեկտրահաղորդալարերի օղակները պետք է կարճ միացումներից պաշտպանված լինեին ավտոմատ անջատիչներով, սակայն հրդեհի օրը դրանք, չգիտես ինչու, չեն գործել։ Վարկածներից մեկի համաձայն` դրանք անսարք են եղել, մյուսի համաձայն` այդպիսի անջատիչներ ընդհանրապես չեն եղել։

Ուսումնասիրվում է նաև այն վարկածը, որ վթարային անջատիչները չեն արձագանքել մեծաթիվ լարերի և միացումների պատճառով։ Ամեն դեպքում այս հարցին պատասխանել դժվար կլինի, քանի որ այրված շենքը ողբերգությունից հետո քանդել են։

Հիշեցնենք, որ «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկել էր մարտի 25-ին։ Վերջին տվյալներով` զոհվածների թիվը 64 է, որոնցից շատերը երեխաներ են։ Այրվել է ավելի քան 1500 քմ տարածք։ Հակահրդեհային ազդանշանը չի աշխատել, մարդիկ չեն տարհանվել։ Զոհերի թվով այդ հրդեհը վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանի չորս խոշորագույն հրդեհներից մեկն է։