ԵՐԵՎԱՆ, 18 Օգոստոս — Sputnik. Երեկ Հանրապետության հրապարակի հարթակում կանգնած Փաշինյանը ոչ թե ՀՀ վարչապետն էր, այլ հարյուր օր առաջ միտինգներ կազմակերպող ընդդիմադիր ամբոխավարը: Այսպես է արտահայտվել ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը`երեկվա հանրահավաքի մասին իր տարածած հայտարարություն մեջ։
«Երեկ Հանրապետության Հրապարակում հրավիրված հանրահավաքին, ինչին շաբաթներ շարունակ պատրաստվում էր ողջ կառավարությունը, ակնկալում էի լսել վարչապետ Փաշինյանի կառավարության հարյուր օրվա գործունեության հաշվետվությունը, սակայն հերթական անգամ հիասթափություն ապրեցի, քանի որ լսեցի ոչ թե հաշվետվություն, այլ ՀՀ-ում գործադիր իշխանության վախճանի մասին հաղորդում: Նրա խոսքը Լյուդովիկոս 14-ի, ֆրանսիացի յակոբինյանների, բոլշևիկ տրոցիկստների և բռնապետերի մտքերի խառնուրդ էր: Սա ոչ թե հաշվետվություն-ելույթ էր արվածի և չարվածի մասին, այլ սպառնալիքների տարափ»,–գրել է Շարմազանովը:
Նա նկատել է, որ Փաշինյանը` ամեն երկրորդ խոսքին վկայակոչելով բազմության աջակցությունը, սպառնաց բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այլ կարծիք ունենալ՝ հռչակելով իր և հավաքվածների տեսակետը միակ և բացարձակ ճշմարտություն: ՀՀ վարչապետը սպառնաց դատավորներին, ընդդիմախոսներին, կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը,զրոյացրեց պետական ինստիտուտները,և փողոցը հռչակեց որոշում կայացնող միակ մարմին,ինչպես միջնադարյան նովգորոդյան վեչեն էր:
«Վերջապես ոգևորությամբ հայտարարեց այն, ինչի համար քննադատում էր նախկին իշխանություններին`իր սեփական իշխանությունը պահելու համար նա պատրաստ է փոխել անգամ Սահմանադրությունը»,–նկատում է Շարմազանովը:
Փաշինյանի ելույթը Շարմազանովի ստիպել է պատմական ակնարկ անել։ Ինչպես ֆրանսիական բուրբոնների մասին էին ասում՝ Փաշինյանը այս 100 օրերի ընթացքում ոչինչ չի մոռացել, բայց ոչինչ էլ չի սովորել: «Շանտաժը և պոպուլիզմը շարունակում են մնալ նրա հիմնական գործիքները: Իսկ հիմա ըստ հերթականության:
Հանրահավաքին Փաշինյանը զուգահեռներ է տանում երևանյան հրապարակի և աթենական դեմոկրատիայի, միգուցե իր և Պերիկլեսի միջև, և հիացմունքով նշում, թե հնարավոր է ապագայում ինչպես հիացել են աթենական դեմոկրատիայի հաղթանակներով, այնպես էլ հիանան իր շարժման հաղթանակով: Սակայն պատմաբաններով շրջապատված Փաշինյանը տեղեկացված չէ, որ աթենական դեմոկրատիան տխուր վախճան ունեցավ՝ պարտվելով հին Սպարտային: Ուստի բերված օրինակը շատ անհաջող էր:
Փաշինյանը ինքն իրեն և հրապարակում հավաքվածներին հռչակեց իշխանության միակ և անփոխարինելի կրողը, իր վրա վերցնելով միակ դատավորի և որոշում կայացնողի գործառույթը:
Եթե միջնադարում տխրահռչակ Լյուդովիկոսը ասում էր`պետությունը ես եմ,ապա Փաշինյանը ավելի հեռու գնաց՝ նշելով, որ պետությունը իմն է»,–նշեց Շարմազանովը:
Նրա դիտարկմամբ` ակնհայտ է, որ Փաշինյանը նեղն է ընկել և նյարդային է, աջ ու ձախ շանտաժ է անում և սպառնում՝ շտապ օգնության կանչելով ԱԱԾ-ին: Շարմազանովը խորհուրդ է տալիս` ժամանակն է սթափվելու, չի կարելի ժողովրդի մի հատվածի էմոցիոնալ ֆոնը շահագործելով` արկածախնդրության գնալ: Սա ժողովրդավարական Հայաստանն է և 21րդ դարը, այլ ոչ թե շանտաժով ձեռք բերված դիկտատուրա:
«Որքան էլ հրապարակում հավաքվածների էներգետիկան բարձր էյֆորիկ ֆոն ապահովվի Փաշինյանի համար, գլխավորը բարձր գոռալը չէ,այլ արդյունավետությունը,գլխավորը հայհոյանքը և ատելությունը չէ,այլ ձեռքբերումները, գլխավորը սրա-նրա վրա մատ թափ տալը, մուննաթ գալն ու ականջահաճո լոզունգներով զգայուն բազմությանը գրգռելը չէ, այլ սթափությունը չկորցնելը, գլխավորը ճղճղոցով բարձր էմոցիոնալ ֆոն ապահովելն ու ասմունքելը չէ, այլ ռեալ պոլիտիկը: Մենք ծանոթ ենք իրենից ավելի կլասով բարձր ասմունքողների արկածախնդրությանը: Եթե բազմությանը կարողանում եք դեռևս կերակրել պոպուլիզմով, մենք չենք տրվելու զգացմունքային ռոմանտիկ տրամադրություններին:
100 օր առաջ պրն Փաշինյան, դուք շահարկեցիք արյունահեղությունից, եղբայրասպանությունից ամեն գնով խուսափելու մեր դիրքորոշումը և շանտաժով հասաք ձեր ուզածին: Հիշեցնում եմ, այսօր դուք ոչ թե ընդդիմադիր ամբոխավար եք, այլ իշխանություն, դուք եք պատասխանատու երկրում տիրող իրավիճակի համար և չփորձեք մատ թափ տալ ու սպառնալ պետական ինստիտուտներին և պատգամավորներին, դատավորներին և այն քաղաքացիներին, ովքեր այլ տեսակետ ու կարծիք ունեն, չփորձեք ոտնահարել օրենքն ու պետությունը»,–գրում է Շարմազանովը և նկատում, որ Փաշինյանի իշխանության հարյուր օրվա ընթացքում արդեն իսկ վտանգավոր միտումներ են որդեգրվել. խոսքի, այլակարծության իրավունքի ոտնահարում, անմեղության կանխավարկածի ոտնահարում, այլախոհների անվտանգության սպառնալիք, ՀՀ պետական ինստիտուտների և օրենսդրության ստորադասում սեփական շահերին, ազգային և քրիստոնեական արժեհամակարգի փլուզման փորձեր, բացահայտ հարձակում հայ ավանդական ընտանիքի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ, պղծության և այլասերության բացահայտ քարոզ, ահաբեկչության խրախուսում`ՀՀ ոստիկանության գնդապետին և ենթասպաներին գնդակահարած ահաբեկչական խմբավորման մի շարք անդամների ազատ արձակում, սարքած դատական գործեր`քաղաքական իջեցված պատվերով, որոնք դեռ չմեկնարկած ջախջախվում են, կրկնակի թանկացումներ:
«Այս ցանկը շարունակելի է: Ահա այն «ձեռքբերումների» մի մասը,ինչին հասել է Փաշինյանի իշխանությունը հարյուր օրվա ընթացքում:
Պարոն Փաշինյան, հարյուր օր անց վերահաստատում եմ կարծիքս, Դուք ոչ ՀՀ վարչապետ կարող եք լինել, ոչ էլ` առավել ևս ՀՀ գերագույն գլխավոր հրամանատար: Կրկին չհամոզվեցի»,–նշում է Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք, որ երեկ` հունիսի 17–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր վարչապետության 100 օրը նշելու համար հանրահավաք էր հրավիրել Երևանի Հանրապետության հրապարակում, որտեղ բոցաշունչ ելույթ ունեցավ։