ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը հանելու մասին որոշումը և բողոք է նախապատրաստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Հայաստանի գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ դատարանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։

Նախագահի անձեռնմխելիությունը. կարո՞ղ է արդյոք Քոչարյանը հենարան դառնալ Սարգսյանի համար

Նա ընդգծեց, որ դատարանի որոշումը ստացել է ինչպես մեղադրող, այնպես էլ պաշտպանող կողմը։

«Գլխավոր դատախազությունն այսօր ստացել է Վերաքննիչ դատարանի որոշումը և մտադիր է բողոքարկել այն», —հայտնեց նա։

Ավելի վաղ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նույնպես հայտնել էր, որ իրենք ևս ստացել են դատարանի որոշումը և մանրակրկիտ ուսումնասիրում են այն։ Նախկին նախագահի պաշտպանները նույնպես մտադիր են բողոքարկել որոշումը, քանի որ կարծում են` դրանում արտացոլված չեն երկու պահ, որոնք դատարան էին ներկայացվել Քոչարյանի անձեռնմխելիության հիմնավորման հետ մեկտեղ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ էին արձակել Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Սակայն պետական մեղադրանքը դեռ հանված չէ և բողոքարկվելու է Վճռաբեկ դատարանում։

Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորել էր հուլիսի 28-ին։ Նրան մեղադրում են 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու համար։ Խոսքը 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի մասին է։ Այն ժամանակ նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համախոհները հրաժարվել էին ընդունել ԿԸՀ-ի տվյալներն ու դուրս էին եկել փողոց։ Ցուցարարների դեմ մարտական զենք էր կիրառվել, 10 մարդ մահացել էր։