100 օրում 8-9 անգամ շատ գումար են վերադարձրել բյուջե, քան ամբողջ 2017 թ.–ի ընթացքում

2018 թվականին նախանշված հավաքագրումը կատարել են 7 ամսվա ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի — Sputnik. Վերջին 100 օրվա ընթացքում պետական ստուգումները 8-9 անգամ շատ գումար են վերադարձրել Հայաստանի բյուջե, քան ամբողջ 2017 թվականի ընթացքում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

Բաղրամյան 26 գնացող ճամպրուկներն այսուհետ կլցվեն ՀՀ բյուջե. Փաշինյան

Նրա խոսքով` ԱԱԾ-ն միշտ պրոֆեսիոնալ է գործում, հարցը իշխանության քաղաքական կամքի մեջ է, և այստեղ շատ բան է փոխվել։ Այն հարցին, թե նա ինչ նկատի ունի, Վանեցյանը կարճ պատասխանեց. «Ամեն ինչ»։ Ասվածը բացատրելու խնդրանքին ի պատասխան Վանեցյանը խնդրեց իրենից քաղաքական հայտարարություններ չսպասել` հաշվի առնելով, թե որ գերատեսչությունն է ինքը գլխավորում։

ՊԵԿ-ի ղեկավար Դավիթ Անանյանն իր հերթին հայտնեց, որ 2018 թվականին ծրագրված էր 107 մլրդ դրամից ավելի հարկ և տուրք հավաքել (220 մլն դոլար), քան 2017 թվականին։ Նա հայտնեց, որ այդ ցուցանիշն արդեն կատարվել է, անկախ նրանից, որ դեռ 7 ամիս է անցել։