ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրասենյակում։ Այս մասին հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Առգրավել են փաստաթղթեր, զննել են աշխատակիցների անձնական իրերը։ Գործողություններին մասնակցել է նաև հատուկ նշանակության ջոկատը։
Որոշ տվյալների համաձայն` հարուցվել է քրեական գործ` 9,7 միլիոն դրամ ԱԱՀ չվճարելու փաստով, սակայն ընկերությունը «Հարավկովկասյան երկաթուղու» նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին ծանուցում չի ստացել։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ընկերությունն իր գործունեության 10 տարիների ընթացքում միշտ գործել է բաց և թափանցիկ, այդ թվում` ՊԵԿ-ի, հարկային մարմինների հետ համագործակցության հարցերում։
««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն աշխատում է Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրության համապատասխան, կանոնավոր անցնում է հսկող մարմինների նախատեսված բոլոր ստուգումներն ու մտադիր է երկրի իրավապահ մարմիններին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն պայմանագրի համաձայն`ընկերությունը բարեհաջող իրականացնում է ակտիվների ու Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքի կառավարումը` դրա արդիականացման ու ներհանրապետական և միջազգային ուղևորափոխադրման ու բեռնափոխադրման զարգացման նպատակով։ Կոնցեսիոն պայմանագրի գործելու ընթացքում ներդրումների ծավալը կազմել է 110 միլիարդ դրամ», — նշված է հաղորդագրության մեջ։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում կարևորում են ընկերության հարկային փոխանցումների ավելի քան կրկնակի աճը Կոնցեսիոն համաձայնագրի իրականացման արդյունքում (2007 թվականին Հայկական երկաթուղին 1,6 միլիարդ դրամ հարկ է վճարել, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2009 թվականին վճարել է 2,9 միլիարդ դրամ, իսկ 2017 թվականին` 3,9 միլիարդ դրամ)։
««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շահույթն ուղղվում է բացառապես ընկերության բիզնեսի զարգացմանն ու Հայաստանի երկաթուղային տրանսպորտի զարգացմանն ուղղված ներդրումներին։ Ընկերության վերջնական նպատակը Հայաստանի երկաթուղային համակարգի մրցունակության բարձրացումն է և հանրապետության հետագա ինտեգրումը եվրասիական տրանսպորտային ցանցին, այդ թվում նաև Կովկաս-Փոթի նավահանգիստների միջև երկաթուղային-լաստանավային հաղորդակցման միջոցով», — նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Պետեկամուտների կոմիտեն դեռ որևէ մեկնաբանություն չի ներկայացրել այս առնչությամբ։
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ դուստր ընկերությունը, կոնցեսիոն համաձայնագրի համաձայն, կառավարում է Հայաստանի երկաթուղային ցանցը։
Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը փոխանցվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված Կոնցեսիոն համաձայնագրով։ Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է` ևս 10 տարի երկարացման իրավունքով։