ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. ՀԱՊԿ նախագահ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` իր պաշտպանյալի նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու մասին ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Դատարանը որևէ փաստական տվյալ չի ներկայացրել, ինչով կհիմնավորվի Խաչատուրովի առնչությունն առաջադրված մեղադրանքին, դրա համար մենք դիմել ենք վերաքննիչ դատարան` վիճարկելու նրա նկատմամբ կալանավորումը թույլատրելի ճանաչելու փաստը»,-ասաց փաստաբանը` հավելելով, որ այդ որոշումը վիճահարույց է նրանով, որ կալանքի միջնորդությունը քննելիս, դատարանը հանգել է այն հետևության, որ սույն գործով կալանավորումը թույլատրելի է, բայց միևնույն ժամանակ փաստել է, որ Խաչատուրովին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հիմնավոր կասկած առկա չէ։
Փաստաբանի խոսքով` դատարանի որոշման մեջ առկա են նաև այլ խախտումներ, մասնավորապես` միջազգային կոնվենցիայով երաշխավորված` արդար դատավարության և անձի անձեռնմխելիության իրավունքների խախտումները։
Հիշեցնենք` հուլիսի 28-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության արդյունքում նախ որոշել էր բավարարել միջնորդությունը, ապա մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց` գրավ կիրառելու որոշում կայացրել:
Որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը ճանաչել էր թույլատրելի: Գրավի չափ էր սահմանվել 5 մլն դրամը, ինչը վճարելուց հետո Խաչատուրովն ազատվել էր արգելանքից:
Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Նշենք, որ ներկայումս Խաչատուրովը Մոսկվայում է և իրականացնում է իր` ՀԱԿՊ գլխավոր քարտուղարի պարտականությունները: