Միխայիլը ինձ կարող էր ծեծել հենց ոստիկանությունում.սպանվածի կինը նոր մանրամասներ է հայտնել

Խաչատուրյան քույրերի մայրը պարզաբանել է, թե ինչու աղջիկները ոստիկանություն դիմում չէին ներկայացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի — Sputnik. Աուրելիա Դունդուկը` Մոսկվայում սեփական հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան երեք քույրերի մայրը, հայտնել է, որ իրենց համատեղ կյանքի ընթացքում փորձել է ոստիկանություն դիմել ամուսնու բռնությունները կանխելու համար։

Բայց նա խոստովանել է, որ ոստիկանությունը որևէ միջոց չի ձեռնարկել։

Հորը սպանած Խաչատուրյան քույրերը շոկի մեջ են. իրավապաշտպան

«Դեպքեր են եղել, երբ նա (Միխայիլ Խաչատուրյանը) ոստիկանությունում ինձ ծեծի է ենթարկել, քանի որ կապեր ուներ ամենուր։ Ու դրանից հետո նույնիսկ գործը դիմում գրելու չէր հասնում։ Ոչ դիմում է եղել, ոչինչ չի եղել, ոչ ոք չի միջամտել։ Նա շատ մտերիմ էր մեր բաժանմունքի պետի հետ, այդ պատճառով էլ նրան ամեն ինչ ներվում էր», – ասաց քույրերի մայրը` Աուրելիա Դունդուկը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում։

Այն հարցին` ինչու աղջիկները չեն փորձել փախչել, հորը սպանելու փոխարեն, կինն ասել է, որ նրանք վախենում էին։

«Նա սպառնում էր, ասում էր. «Ուր էլ գնաք, ինչ էլ անեք, ես ձեզ կգտնեմ և բոլորի աչքի առաջ կսպանեմ», – ասել է Դունդուկը։

Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիս–արևելքում հուլիսի 27-ին։ Քննության վարկածով, քույրերը հարձակվել են հարազատ հոր վրա, երբ նա քնած է եղել ճոճվող բազկաթոռին։ Հարցաքննության ժամանակ աղջիկները խոստովանել են մեղքը և պարզաբանել, որ «նրանք հոր հետ վատ հարաբերություններ են ունեցել երկար տարիների ընթացքում իրենց բարոյական տանջանքներ պատճառելու համար»։

Ավելի ուշ, միջնեկ քույրը` Անգելինան, ով 18 տարեկան է, հայտնել է, որ հայրը ծաղրել և սեռական բնույթի ոտնձգություններ է իրականացրել նրանց նկատմամբ։