Ինչպե՞ս ենք ներկայանում աշխարհին. Բաքվում ուրախությամբ ձեռքերն են շփում

Եվս մեկ, երկու, ամենաշատը երեք ամիս և հաղորդումն այն մասին, թե որ հայ վաշխառուն որքան գումար է թալանել, որտեղ թաքցրել և որ բանտում է գտնվում, հասարակությանը կսկսեն հետաքրքրել նույնքան, որքան երեկ չէ առաջին օրը տեղացած ձյունը։
Sputnik

Ամեն ինչին սովորում ենք, վատ լուրերին ևս։ Վատն այն է, որ ոչ միայն մենք ենք մեր երկրում սովորում, այլև մյուսները՝ իրենց երկրներում։ Հայտնվեցին այնպիսիք, ովքեր ուշադիր հետևում են, որ որևէ դեպքի հետ կապված միանգամից ասեն՝ որքան ամեն ինչ հիմարավարի, լկտի և վատ է այդ Հայաստանում։ Կարելի է կարծել, թե այնտեղ, որտեղ նրանք են ապրում, ամեն ինչ հիանալի է, վարդագույն և վայելուչ։

Հայաստանի ամենառոմանտիկ վայրերի լավագույն հնգյակը. այստեղ հաստատ կարելի է սիրահարվել

Բանիմաց մարդիկ հիշեցնում են. միայն հիմարն է նվաստացնում ինքն իրեն` չէ՞ որ աշխարհում կգտնվեն մարդիկ, որ պատրաստ կլինեն նրա փոխարեն անել դա։ Մի՞թե ուզում ենք հիմար վիճակում հայտնվել։

Նայենք մեր շուրջը, հիշենք նրանց, ում ցուցադրում ենք աշխարհին։ Խարդախ գեներալներ, խաբեբա նախարարներ, կեղեքիչ միլիոնատերեր, բյուրոկրատ ոստիկաններ, անողնաշար պատգամավորներ, թեթևաբարո քաղաքական գործիչներ… Հայաստանում այլևս ոչինչ չկա՞։

Միևնույն ժամանակ կյանքը շարունակվում է և իր պտուղներն է տալիս. «Ոսկե ծիրանը» որպես զարգացող կինոփառատոն մի կողմից և արտահանման զգալի արտադրանք` մյուս կողմից։ Օրինակ՝ Պոլիտեխնիկի երիտասարդ գիտնականները, որոնք աշխատում են համակարգչային հիշողության նոր տարր ստեղծելու ուղղությամբ։ Կամ հայկական արտադրության սմարթֆոնը. դժվար է հավատալ, սակայն փաստ է` նախարարների կաբինետն օգտվում է հայրենական արտադրության նոթբուքներից։ Իրենց դռներն են բացում նոր խանութներն ու հյուրանոցները, զարգանում է զբոսաշրջությունը, բազմահարկ բնակելի շենքեր  են կառուցվում, ինչպես նաև բարձրանում է հայկական գինու համբավն ու երեխաներ են ծնվում…

Ինչո՞ւ են այդ մասին խոսում հազարերորդ հերթին, իսկ վատ բաների մասին` առաջին։

Փայատեր գեներալը նստած է բանտում, գող նախարարներին ցրել են, պատգամավորները խուճապի մեջ են։ Ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ ինչպես լինում է արագ իշխանափոխության և նոր մոտեցումների անցնելու ժամանակ: Սակայն, կարծես թե, սկանդալների հետ կապված գնալով ամեն ինչ ավելի է ընդարձակվում և խորանում։ Ի ուրախություն յուրայինների և մեր «աննման» հարևանների։ Ուժայինները նոր բացահայտումներ են խոստանում` Բաքվում ձեռքերը շփում ու սպասում են։

Գորբաչով-Համբարձումյան բանավեճը. 30-ամյա բացառիկ կադրեր

Թեժ նորությունների գլխավոր «հերոսը»` կոռուպցիան և մաֆիան են։ Մի փոքր էլ, և դրանց հայրենիք է հռչակվելու Հայաստանը. Իտալիային հանգիստ կթողնեն։

Նրանց համար, ովքեր չգիտեն. ԱՄՆ-ում կոռուպցիան մասշտաբներով երկրորդ խնդիրն է, որը փորձում են արագ լուծել։ Արդեն որերորդ տասնյակ տարին։ Ամերիկյան կոռուպցիայի տարբերությունը հայկականից այն է, որ կենցաղային մակարդակում այն գրեթե զրոյի է հասցվել, սակայն բարձրագույն իշխանության մեջ շատ խորը արմատներ ունի։

Խոսենք ավելի առարկայական։ Այնտեղ ոստիկանին կաշառք տալն անիմաստ է, նրա եկամուտն ավելի շատ է, քան ձեր խղճուկ 100-200 դոլարը։ Ոստիկանությունը արձանագրում է տուգանքը, դուք վճարում եք, և ամեն ինչ հիանալի է… Սակայն Ամերիկայում ոստիկանությունից բացի նաև գերագույն իշխանություն կա, բարձր քաղաքականություն, ընտրություններ, ՊՆ, Ուոլ Սթրիթ, դրանցից բխող կոռուպցիոն սկանդալներով։ Սակայն միևնույն ժամանակ երբեք նկատելի չէ ինքնախարազանումը, որպես հայկական մազոխիզմի սուր տեսակ։ Ոչ ոք թույլ չի տալիս իր պետության մասին մտածել, որպես  քրեական պետության։ Իսկ մենք ինչո՞ւ պետք է թույլ տանք։

 

Պոետիկ դադար. մոտիվն ինքներդ ընտրեք

Ուզում ես դժբախտ լինել` եղիր,

Ինքդ ես ընտրում քո ուղին…

Իրավունք չկա, քեզ խանգարելու,

Սեփական հոգին խարազանելու…

Որքա՞ն կարելի է։ Բանակ անպետք վարտիք են մատակարարում, թանգարաններում կտավներ գողանում, հիվանդանոցներում սպանում հիվանդներին, սփյուռքի քթից տանում-բերում, ուսուցիչները փող են հավաքում, քաղաքապետները թալանում են պետությունն ու փորները հաստացնում…

 

Եվ նման պետություն եք հրավիրում վերադառնա՞լ։

Դիմակները դեռ կպատռեն, վստահ խոստանում են իշխանությունները։ Այդ միտքը տանջում է։ Թվում է՝ ինքներս մեզ հարվածելով զվարճանում ենք։ Արդյո՞ք ժամանակը չէ կանգ առնելու։ Շախսեյ-վախսեյը, որքան հիշում եմ, Հայաստանում զանգվածների սիրելի զվարճանք երբեք չի եղել։ Հանուն ի՞նչի (կամ հանուն ում)  վերոնշյալից կերտել երկրի կերպար, որը համատեղելի կլինի կյանքի հետ։ Անվերջ ինքնախարազանումը նույնքան հիմարություն է, որքան անծայրածիր ինքնագովքը։

Սա չեմ ասում նրա համար, որ օր ու գիշեր մեզ գովենք, այլ պարզապես կոչ եմ անում չափի զգացում ունենալ։ Խնդիրն այն չէ, որ օրենքի վրա թքած ունեցողների նկատմամբ ցասումը բարեգթության փոխենք, խնդիրն այն է, որ հայերի բարի համբավի մասին էլ չմոռանանք։

P.S.

1. Չափի զգացում ունենալու հարցի վերաբերյալ. Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականները պարզել են` ով ամբողջությամբ հրաժարվել է ոգելից խմիչք օգտագործելուց, ավելի շատ է հակված  թուլամտությանը, քան նրանք, ովքեր օգտագործում են այն խելամիտ չափերի մեջ։ Փորձում ենք պահել հավասարակշռությունը։

2. Մոսկվայում տեղի ունեցած ողբերգության մասին, երբ երեք հայ քույրերը սպանել են սեփական հորը, այսօր ավելի քիչ չեն գրում, քան մի քանի շաբաթ առաջ գրում էին ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին։

Մեզ դա դո՞ւր է գալիս։