Տավուշի մարզում անցյալ տարի մոտ 13 հազար ծառ է հատվել։ Արդեն 7 ամիս է, ինչ երիտասարդ բնապահպանների խումբը Դիլիջանում պայքարում է անտառահատների դեմ։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբը այցելել է Դիլիջանի անտառներն ու արձանագրել հատած ծառերի կոճղերը։
Ակտիվիստներից մեկը` վառ կարմիր մազերով աղջիկը, մեզ ուղեկցում է անտառի լաբիրինթոսների միջով` ցույց տալով կոճղերը։ Նա լավ է հիշում, որ բոլորովին վերջերս դրանց փոխարեն կանաչ ծառեր էին։ Հաճախ անտառահատները փորձում են խորամանկության դիմել` կոճղերը խարույկի են վերածում կամ շանթահարված ծառի` հրդեհից կամ ուժեղ քամուց տապալվածի պատրանք ստեղծելով։
«Նրանք անում են ամեն ինչ, միայն թե վնաս հասցնեն բնությանն ու անպատիժ մնան», – ասում է Լունան։
Այո, աղջիկը գրավիչ անուն ունի` Լունա։ Մասնագիտությամբ հոգեբան է, անցյալում եղել է «Էյֆորիա» ռոք խմբի վոկալիստ, այժմ նա իր առաքելությունը մայրաքաղաքից դուրս է գտել։ Մեկ ամիս է, ինչ նա միացել է Դիլիջանի անտառները պահպանող բնապահպան ռեյնջերների խմբին, և դարձել նրանց թիմի առաջին աղջիկը։
Մեկ ծառից ստացված վառելափայտի գինը կարող է հասնել մինչև 5000 դոլարի, այն դեպքում, երբ ծառահատման համար նախատեսված տուգանքն ընդամենը 400 դոլար է։ Անտառային գոտու պահպանության անհրաժեշտությունն ակնհայտ է. յուրաքանչյուր ծառի վրա կարելի է տեսնել տեղի բնակիչների կողմից թողած իրենց անվան առաջին տառերը։ Այդպես նրանք նշում են իրենց ծառը։ Եթե որևէ մեկը հատի «օտարի» ծառը, իսկական պատերազմ կարող է սկսվել։
Ի դեպ, պատերազմի մասին։ Դեռ մեկ շաբաթ չանցած ռեյնջերների վրա հարձակում էին գործել Հաղարծին գյուղում։ «Մեր անտառներն են, ինչ ուզում` անում ենք», – նման մոտիվացիայով գյուղացիները ծեծի էին ենթարկել ակտիվիստներին։ Վեճի ժամանակ նույնիսկ մի տարեց կին էր տուժել։ Տեղի բնակիչները պնդում են, որ նրան հենց բնապահպաններն են ծեծել։
Հաղարծինի բնակիչների հետ զրույցը կարճ տևեց։ Նրանք ասացին, որ իրենք ստիպված են հատել ծառերը, որպեսզի գոնե ինչ-որ կերպ հոգան ընտանիքի ապրուստը։ «Իսկ օտարները թող մեր գործերին չխառնվեն», – ասաց նրանցից մեկը` ակնարկելով, որ բնապահպաններից շատերը այլ շրջաններից են։
«Օտարներից» և առաջին ռեյնջերներից մեկը` Հայկ Խառատյանը, ծնվել է Գյումրիում։ Նա ասում է, որ անտառը մի շարք հնարավորություններ է տալիս գումար աշխատել առանց բնությանը վնաս հասցնելու։ Մենք մեր աչքերով ենք տեսել գետնին թափված չորացած ծառերի ոստերը, որոնք կարելի է հավաքել առանց անտառին վնաս հասցնելու։ Կարելի է վաճառքի համար պնդուկ և ընկույզ հավաքել, այդ բարիքից անտառում ևս շատ կա։
«Սակայն մարդիկ հանցագործ ճանապարհն են ընտրում` բառացիորեն «գողանում են» ծառերը։ Մենք` ռեյնջերներս, իրավունք չունենք մարդուն արգելել անտառ հատել։ Մենք պարզապես ամեն ինչ տեսանկարահանում ենք և փոխանցում ֆայլերը ոստիկանությանը։ Հետո հետևում, որպեսզի գործ հարուցեն ու գնան մինչև վերջ», – պատմում է Հայկը։
Ռեյնջերներն իրենց աշխատանքում տարբեր տեխնիկա և էլեկտրոնիկա են կիրառում։ Նախ, նրանք մոտոցիկլետներով են շրջում։ Երկրորդ` օգտագործում են անջրաթափանց տեսախցիկներ և դրոններ` հանցագործությունը արձանագրելու համար։
«Հարևան գյուղերում յուրաքանչյուր երեխա երազում է անտառապահ դառնալ, որպեսզի գումար վաստակի անտառահատումից։ Դժվար է բացատրել նրանց, թե ինչու է բնության պահպանությունը գումարից կարևոր, ինչու է ծառահատումը հանցագործություն համարվում։ Երբեմն մենք փորձում ենք զրուցել անտառահատների հետ, սակայն հաճախ`անիմաստ», – նշում է Հայկը։
Կոճղերն արձանագրող լուսանկարչին նկատելով` հեռվից մեզ է մոտենում անտառապահն ու ներկայանում. նրա անունը Սուրիկ է։
«Երբ տղաներն անտառում են, ես ավելի հանգիստ եմ լինում», – ասում է նա։ Իմ հարցին, թե արդյո՞ք նա սիրում է անտառապահի աշխատանքը` ժպտալով ասում է. «Աշխատանքի մասին եք խոսում, ես նույնիսկ կնոջս չեմ սիրում։ Պարզապես ստիպված ենք ապրուստի գումար աշխատել»։
Մինչ թոշակի անցնելը Սուրիկը 30 տարի ծառայում էր ոստիկանությունում և կեսկատակ նկատում է` եթե այն ժամանակ կարողանայի բռնել բոլոր որսագողներին, այսօր բնապահպան «տղաները» աշխատանք չէին ունենա։ Բնապահպաններն ի պատասխան տխուր ժպտում են. եթե այժմ Դիլիջանում չլինեին, մեկ այլ տեղ կլինեին։