Տոնոյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Ալաբինո»-ում կայանալիք հանդիսավոր արարողությանը

Այսօր հանրապետություն է ժամանել ՌԴ ՊՆ պատվիրակությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել:

Յուրի Խաչատուրովը կմեկնի Մոսկվա

Ինչպես տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` այցի նպատակը «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակներում Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելն է: Նույն օրը գեներալ-գնդապետ Ա. Ֆոմինին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հանդիպման ընթացքում փոխադարձ կարևորվել է երկու երկրների միջև առկա քաղաքական և ռազմական, դաշնակցային հարաբերությունների խորացումը: Քննարկվել են ռազմաքաղաքական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջնային ծրագրերը: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ տարածքում ՌԴ 102-րդ ռազմակայանի գործունեությանն առնչվող հարցերին:

Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է Ալեքսանդր Ֆոմինին արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին:

Զինվորին ոչ հարիր վարտիքներ. ի՞նչ է գտել ՊՆ–ն զորամասերում

Կողմերն, անդրադառնալով «Միջազգային բանակային խաղերին», քննարկել են երկու պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների` մրցախաղերին մասնակցության ընթացքը և միջանկյալ արդյունքները: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ օգոստոսի 11-ին կմասնակցի մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2018» փակման հանդիսավոր արարողությանը:

Նույն օրը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: