ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Նշենք, որ երեկ` հուլիսի 26-ին, նույն մեղադրանքն էր ներկայացվել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունը։