«Ուզում եմ ամուսնանալ, բայց որ «մերոնքական» լինի». սիրիահայերի ցավացող հայրենիքները

Իրավիճակը Սիրիայում կարգավորվում է։ Դամասկոսում մնացած հայերն իրենց կենցաղին են վերադառնում ու ապագայի ծրագրեր մշակում: Հայաստան տեղափոխվածները Սիրիային բարգավաճում են մաղթում, բայց վերադառնալ չեն շտապում։
Sputnik

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա. Մինչ Սիրիայի քաղաքացիական պատերազմն այնտեղ մոտ 110 հազար հայ էր ապրում, իսկ հիմա հայկական համայնքից փշուրներ են մնացել։ Այնուամենայնիվ, հակառակ ամեն ինչի, շատ սիրիահայեր հաղթահարում են պատերազմի բարդություններն ու փորձում են վերադառնալ կյանքի բնական ընթացքին։

Հայաստանը կշարունակի օգնել բարեկամ Սիրիային. ՊՆ

Նրանց շարքերում, սակայն, կան այնպիսիք, որ նախընտրեցին տեղափոխվել ու հաստատվել Հայաստանի Հանրապետությունում։ Կային արդյո՞ք չհարմարվելու, «մերոնքականների մեջ օտար» մնալու մտավախություններ. իհարկե։ Հատկապես հիշելով փախստականների կյանքի  բարդության մասին, որոնց ժամանակին բախվել էին իրենց նախնիները` Հայոց ցեղասպանությունից փրկվելիս։ Սակայն  երեխաներին պատերազմի սարսափից պաշտպանելու ցանկությունը հաղթել էր բոլոր փաստարկները։ Ու վերջիվերջո խոսքը Հայրենիքի մասին էր, թեկուզ և հեռավոր ու մի փոքր վախեցնող, բայց՝ ոչ օտար։

Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է ինչպես Դամասկոսում հայկական համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ այն մարդկանց, որոնք ստիպված Հայաստան են եկել։ Երկու դեպքում էլ բարդություններ կան, սակայն Հայրենիքը, նույնիսկ եթե այն դառն է, ինչպես գիտենք, չեն ընտրում…

Դալար Ալահվերդյանը շարունակում է  Դամասկոսում ապրել։

Նա պատմում է, որ երբ պատերազմ սկսվեց, սիրիահայերը նորից բազում բարդությունների բախվեցին։ Նրանց ընտանիքը երեք անգամ փախել է սեփական տնից, սակայն միշտ վերադարձել է։ Նրանք սովում էին, վախից չէին քնում, սակայն հիմա ամեն ինչ զգալիորեն լավացել է։ Դալարը համոզված է, որ վատագույնն անցյալում է։

Հայաստանում սիրիացի փախստականներին օգնելու ծրագիր են մեկնարկել

«Վախը ահաբեկիչներից ու ամերիկացիների ռմբակոծություններից անցել է, սակայն դրա հետքերը հավերժ մնացել են մեր սրտերում»,- ասում է Դալարը։ Դամասկոսում երիտասարդներ գրեթե չեն մնացել։ Մի մասն արտասահման է գնացել, իսկ մյուսը` բանակում է ծառայում ու պաշտպանում իր հարազատներին, ասում է Դալարը։ Համայնքի անդամները հավաքվում են եկեղեցու ծածկի տակ ու մտածում` ինչպես լուծել տնտեսական խնդիրները։

Քաղաքում շարունակում են գործել մարզային ու մշակութային կենտրոններ։ Մեր զրուցակիցը պատմում է, որ երեխաները, թեև ոչ կանոնավոր, շարունակում են հայկական կիրակնօրյա դպրոց այցելել։ Չնայած դրա ճանապարհն անցնում է քանդած թաղամասերով ու աղբակույտերի միջով։

«Մենք նույնիսկ հաջողացնում ենք ռմբակոծության տակ հարսանիք անել։ Դժվար է  սիրուդ գտնելը, աղջիկները տղաներից շատ են, բայց միևնույնն է՝ մենք տարեկան 10–15 հայկական հարսանիք ենք նշում», – ընդգծեց Ալահվերդյանը։ Նա ինքն էլ դեմ չէ ամուսնանալ,  բայց միայն հայի հետ։

Աղջիկը երազում է, որ իր երեխաները մեծանան պատմական հայրենիքում ու հայկական ազգանուն կրեն։ Դալարը նոր է վերադարձել Հայաստանից ու ոգևորված է  այստեղ տիրող սիրո ու համերաշխության մթնոլորտից։ Նրա խոսքով` միաժամանակ կարելի է հայերենի մի քանի բարբառ լսել, զբոսնել քաղաքում, որտեղ ամեն ինչ հանգիստ ու անհոգ է, որտեղ յուրաքանչյուր անցորդ քո բարեկամն է, իսկ դու բոլորին պետք ես։ Դա ասես հրաշք լինի։  Ալահվերդյանը համոզված է, որ Հայաստանը պայծառ ապագա ունի, ու «թավշյա հեղափոխությունից»  հետո այն ծաղկելու է։

«Ես սիրում եմ Սիրիան, սակայն  մենք այստեղ հյուր ենք, ու պատերազմը դա ևս մեկ անգամ ցույց տվեց մեզ», – ասաց աղջիկը։

Լուսիկ Դանիելյանը չորս տարի առաջ է Հալեպից Երևան տեղափոխվել։ Sputnik Արմենիայի թղթակցին նա պատմեց, որ տեղափոխվելուց հետո առաջին օրերը շատ բարդ էին, քանի որ նա չգիտեր` ինչպես սկսել նորից ապրել։ Նրա ամուսինը բախվեց գործազրկության խնդրին ու միայն 8 ամիս անց կարողացավ աշխատանք  գտնել։

«Մենք պատերազմից էին փախել, բայց այնքան  դժվար էր, որ մտածում էինք Սիրիա վերադառնալու մասին։ Հենց այն շրջադարձային պահին նա աշխատանք գտավ ու ամեն ինչ իր տեղն ընկավ», –ասաց աղջիկը։

Անգամ Ասադին են համաձայն. Իսրայելը Սիրիայի հարցով «առևտուր» է անում Ռուսաստանի հետ

Լուսիկը կարծում է, որ նրա երեխաներն ավելի հեշտ հարմարվեցին։ Դպրոցում նրանց ջերմ էին ընդունել և փոքրիկները անհարմարավետություն գրեթե չեն զգացել, իսկ հիմա անգամ չեն էլ հիշում բարդությունների մասին։

Լուսիկը մտադիր չէ Սիրիա վերադառնալ, թեև շատ է կարոտում։ Բայց երեխաների ապագան այստեղ է տեսնում:

«Սիրիան մեր հայրենիքն է, բոլորս էլ երազում ենք այնտեղ վերադառնալ, բայց լավ ենք հասկանում, որ մեր համայնքն այլևս չկա, իսկ մենք չենք ուզում ապրել մեկուսացված ու վախը սրտերումս», – ասաց նա։

Դանիելյանը նշեց, որ սիրիահայերն այստեղ էլ են համայնք ստեղծել։ Լուսիկի ընտանիքը ծանոթացել է հայ ընտանիքների հետ, որոնց հետ տարիներ շարունակ ապրել է Հալեպում, բայց չի ճանաչել։

Սիրիահայերը Հայաստանում հաճախ միմյանց հետ են ամուսնանում։ Նրա խոսքով` իրենց ընտանիքն արդեն հասցրել է մի քանի այդպիսի հարսանիքի մասնակցել։

Սիրիայի գրոհայինները կհանձնվեն կամ կոչնչացվեն. Դամասկոսի հաջողության բանաձևը

Սիրիայի հայ համայնքը համարվում էր ամենահզորներից մեկը՝ մինչև երկրում հակամարտության սրացումը, և շուրջ 110 հազար մարդ էր ընդգրկում իր կազմում։ Հայերը նշանակալի դեր էին խաղում երկրի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։ Մեծամասամբ, հայերն ապրում էին Հալեպում (ավելի քան 60 հազար մարդ), Դամասկոսում (շուրջ 7 հազար մարդ), Լաթաքիայում, Քեսաբում և Էլ-Քամիշլիում։ Սիրիական ճգնաժամից հետո, տարբեր գնահատականների համաձայն, ավելի քան 90 հազար հայ է լքել երկիրը, սակայն պատմական հայրենիք եկել են քչերը։