Եվրապաշտոնյաներն ի՞նչ են ուզում Հայաստանից. Փաշինյանը տարակուսած է

Վարչապետի մոտ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ որոշ եվրոպական պաշտոնյաներ էլի ինչ–որ փոփոխություններ են ակնկալում Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում ինչ-որ բան անել միայն հանուն Եվրամիության ֆինանսական աջակցության, ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով` դեռ մինչև Բրյուսել կատարած այցը եվրոպացի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումների ժամանակ նա բազմիցս նշել է, որ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշիչ չէ, այլ համոզմունք, արժեհամակարգ։

Կոռուպցիոներներին թափ կտանք ու բարեփոխումների գումար կգտնենք. Փաշինյանը պատասխանել է ԵՄ–ին

«Երկար տարիներ ԵՄ–ն խոսել է այն մասին, որ Արևելյան գործընկերության երկրների հետ նա համագործակցում է «ավելին ավելիի դիմաց» բանաձևով»։ «Ավելին» վերաբերել է այն հռչակված արժեքներին, որոնք բոլորիս հայտնի են` ժողովրդավարություն, անկախ դատական համակարգ, թափանցիկություն, օրենքի գերակայություն, կոռուպցիայի դեմ պայքար։ Մինչև իմ բրյուսելյան այցը ԵՄ–ից հայտարարություն է եղել, որ ԵՄ–ն պատրաստվում է ինչ-որ ձևով աջակցել Հայաստանին», – ասաց Փաշինյանը։

Վարչապետը տարակուսանք  հայտնեց` ԵՄ առաջարկած բանաձևն այդ համատեքստում չի աշխատում։

Ինձ համար տարակուսելի է, որ Եվրամիության մի շարք գործընկերներ, համենայն դեպս նրանց մի մասը ինձ հետ հանդիպումներում ասում են, որ ինչպես նախկինում, այսօր էլ Հայաստանում ակնկալում են փոփոխություններ։

Զարմանալի է, որ Եվրամիությունում կան պաշտոնյաներ, որոնք մինչև հիմա չեն նկատում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները։

Ժողովրդավարությունն ու գերակնկալիքները. Հայաստանը ԵՄ–ից լրացուցիչ աջակցություն չի ստանա

Փաշինյանը կոնկրետ օրինակներ բերեց` նշելով, որ ներկա ղեկավարությունը, չծախսելով ոչ մի հավելյալ լումա, երկու ամսում ավելին է արել ժողովրդավարական փոփոխությունների առումով, քան նախկին իշխանություններն են արել Եվրամիության աջակցությամբ` ծախսելով դրա վրա տասնյակ միլիոնավոր դոլարներ։

Փաշինյանի խոսքով` դա վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաև այլ ոլորտներին։

«Մենք դա արել ենք` չծախսելով ոչ մի հավելյալ լումա», – կրկին ընդգծեց Փաշինյանը։

Նա նշեց, որ հանուն ԵՄ ֆինանսական աջակցության Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել և չեն անի։ Այն ամենը, ինչ անում ենք, ուղված է ժողովրդի կողմից մեզ տրված մանդատն իրացնելուն։

Այդ մասին հստակ ասվել է գործընկերներին։ Դա Հայաստանի դիրքորոշումն է, որը պետք է հաշվի առնեն Եվրոպայում։

Նշենք, որ սա Փաշինյանի առաջին պաշտոնական մամուլի ասուլիսն է Հայաստանի վարչապետի պաշտոնում։