Վրացիներն ազդարարել են, հայերը դեռ չեն հաստատել. ի՞նչպես վարվել Noble Partner–ի հետ

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով` Հայաստանը կմասնակցի ՆԱՏՕ–ի հովանու ներքո անցկացվելիք «Արժանի գործընկեր» բազմազգ զորավարժություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հայաստանը այն 13 երկրներից մեկն է, որոնք այս տարի մասնակցում են Noble Partner («Արժանի գործընկեր») ամենամյա բազմազգ զորավարժություններին. դրանք տեղի են ունենում ՆԱՏՕ–ի հովանու ներքո։

Այս մասին հաղորդում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը Facebook–ի իր պաշտոնական էջում։

Ադրբեջանի զորավարժությունը. ինչո՞ւ է Բաքուն արցախյան բանակցությունից առաջ ուժ ցուցադրում

Սակայն հայկական կողմի համար մասնակցության հարցը մինչև հիմա բաց է մնում։

«Տվյալ պահին մի քանի հայ սպա մասնակցում են պլանավորմանը։ Մնացածի մասին ավելի ուշ կհաղորդենք», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նա չհերքեց, բայց նաև չհաստատեց զորավարժություններին հայկական կողմի մասնակցության մասին հարցը։

Նախկինում նման նախադեպեր եղել են։ Այսպես, 2017թ.–ի սեպտեմբերին հայ զինծառայողներն այդպես էլ չմասնակցեցին Agile Spirit («Ճարպիկ ոգի») բազմազգ զորավարժություններին: Զորավարժություններին հայ զինծառայողների բացակայությունը զարմացրել էր Վրաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներին։

2017թ–ի դեկտեմբերին Վրաստանի պաշտպանության նախարարը Թբիլիսիում իր հայ գործընկերոջ, հիմա արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ցանկություն էր հայտնել, որպեսզի հայ զինվորականները մասնակցեն ոչ միայն Noble Partner–ին, այլ նաև «Ճարպիկ ոգի» (Agile Spirit) բազմազգ զորավարժություններին։

Նույնը Իզորիան կրկնել է նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի հետ հանդիպման ժամանակ։ Նա հույս է հայտնել, որ 2018թ.–ին հայ և վրացի զինվորականները միասին կմասնակցեն «Արժանի գործընկեր» (Noble Partner) բազմազգ զորավարժություններին։

ՆԱՏՕ–ի «ճարպիկ» ոգին. Վրաստանը Հայաստանին հրավիրել է «բաց թողած» զորավարժություններին

Զորավարժությունների բացման արարողությունը մեկնարկում է օգոստոսի 1–ին Վազիանի ռազմական օդանավակայանում։ Դրանք տեղի կունենան օգոստոսի 1-15–ը Վազիանի օդանավակայանում, Վազիանի զորավարժարանում և Նորիո ուսումնական բազայում։

«Արժանի գործընկեր» զորավարժությունները Վրաստանում անցկացվում են չորրորդ անգամ։ Այս տարվա զորավարժությունների նպատակն է բարելավել կայունության, գրոհի և պաշտպանության հմտությունները Վրաստանի, ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի գործընկերների զինված ուժերում։ Զորավարժությունների նշանաբանն է` «Ուժը գործընկերության մեջ է»։

«Այս տարի զորավարժություններն ավելի լայնամասշտաբ կլինեն, դրանց կմասնակցեն ավելի քան 3 հազար զինծառայող ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրներից», – ասվում է Վրաստանի ՊՆ հաղորդագրությունում։

Հայաստանից բացի զորավարժություններին կմասնակցեն 3 հազար զինծառայողներ 13 երկրներից` Վրաստանից, ԱՄՆ–ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Լեհաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Ուկրաինայից և Ադրբեջանից։

Բազմազգ զորավարժությունները համալիր են և դրանց սցենարը ենթադրում է ռազմասշտաբային և դաշտային զորավարժություններ` մարտական հրաձգությամբ, պաշտպանության, գրոհի գործողությամբ, ինչպես նաև մարտական աջակցության տարրերի հետ փոխազդեցություն։

Վրաստանում Noble Partner առաջին զորավարժությունները տեղի են ունեցել 2015թ–ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մասնակցել է որպես դիտորդ։