«Արմավիրում թերացել են». նախարարը մատնացույց է արել ներառական կրթության խոչընդոտները

ՄԻՊ նախաձեռնած քննարկման առանցքում եղել են ներառական կրթության ներդրման խնդիրները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. «Լուսէ» հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում այսօր տեղի է ունեցել ներառական կրթության հիմնախնդիրների վերաբերյալ քննարկում: Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ այն կազմակերպվել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախաձեռնությամբ և Սեյվ դը չիլդրն կազմակերպության աջակցությամբ:

HRW. Հայաստանում երեխաներին բաժանում են ընտանիքներից

Քննարկմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել է, որ ներառական կրթության անցնելու ճանապարհին նախկինում քայլեր արվել են, սակայն դրանք բավարար չեն:

ԿԳ նախարարը, ներկայացնելով ընդհանուր պատկերը, մատնանշել է այն տարածաշրջանները, որտեղ ներդրվել է համընդհանուր ներառական կրթությունը՝ Սյունիք, Լոռի և Տավուշ:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ ժամանակացույցի համաձայն համակարգին պիտի անցում կատարվեր նաև Երևանում և Արմավիրի մարզում, սակայն ակնհայտ է, որ Երևանում այս գործընթացը հետաձգվում է մինչև հունվար, իսկ Արմավիրի մարզում ամենօրյա ռեժիմով աշխատում է տարվում շահագրգիռ գերատեսչությունների և փորձագետների հետ՝ ժամանակացույցից հետ չմնալու համար:

Տիգրանն ու Լևոնը մեկուսանալ չեն ուզում

«Կոնկրետ Արմավիրի մարզի օրինակով կարող եմ փաստել, որ տեղական իշխանությունների պատճառով ժամանակին պատշաճ նախապատրաստական աշխատանք չի կատարվել: Մասնավորապես, ծնողները տեղյակ չեն եղել, թե իրենց երեխաները հատուկ դպրոցից ուր են տեղափոխվելու, նրանց չեն բացատրվել ներառական կրթության առավելությունները, որի պատճառով ներկայումս մենք ստիպված ենք անհատական լուծում տալ բոլոր հարցերին»,-նշել է նախարարը՝ անդրադառնալով ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին:

Քննարկման ընթացքում ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը ներկայացրել է համընդհանուր ներառական կրթության պետական քաղաքականությունը հանրակրթության ոլորտում: Ներկայացվել են նաև ներառական կրթության ոլորտի հիմնախնդիրները՝ ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների և սոցիալական արդարության և ներառականության արդի մարտահրավերներն ու հնարավորությունները կրթության ոլորտում:

Ավարտին մասնակիցներն անդրադարձել են ներառական կրթության ոլորտում հետագա քայլերի իրականացման խնդիրներին: