ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի —Sputnik, Արամ Գարեգինյան. «Հայկական կոնյակ» անվանումից ստիպված կլինենք հրաժարվել։ Ըստ ԵՄ-ի հետ համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի` 14 տարի հետո «կոնյակ» անվանումը չպետք է լինի հայկական, 25 տարի հետո` արտասահմանյան շուկայում։
Հայաստանն արդեն չի կարող այդ անվանումն օգտագործել լատինատառ (cognac), սակայն դեռ կարող է կիրիլիցայով։ Այդ պատճառով էլ Ռուսաստան և այլ հետխորհրդային երկրներ ուղարկվող խմիչքի վրա գրվում է «կոնյակ», իսկ ԱՄՆ և Եվրոպա ուղարկվողների վրա` «brandy»։
Հայկական կոնյակի (դեռ այն կարելի է այդպես անվանել) ավելի քան 80%-ը Ռուսաստան է մատակարարվում։ Սակայն 25 տարի հետո հայերին (և ոչ պակաս ռուսներին) քաջածանոթ շշերի վրա այլ անվանում է հայտնվելու։ Թե ինչ անվանում կլինի, կորոշի խորհրդատուն, որն ընտրվելու է միջազգային մրցույթով։
Նման պահանջ է դրվել նաև Մոլդովայի և Վրաստանի առաջ։ Այնտեղ պահանջներն ավելի խիստ են, չէ՞ որ նրանց ու ԵՄ-ի հետ համագործակցությունն ավելի խորն է։ Մոլդովայում (Ռուսաստանին կոնյակով ապահովող մեկ այլ խոշոր մատակարար) 2018 թվականի մայիսի 1-ից արգելված է «կոնյակ» և «շամպայն» արտադրել։ Նրանց համար այլընտրանքային անվանումներ են ընտրվել` «դիվին» և «փրփրուն գինի»։
Հայաստանին անցումային շրջան են հատկացրել կոնյակի և շամպայնի համար։ 25 տարվա ընթացքում պետք է ռուսական սպառողին ապացուցենք, որ հայկական կոնյակը որևէ տեղ չի անհետացել, պարզապես այլ անվանում ունի։
Բայց մեկ այլ հարց է ծագում։ Ռուսաստանն առայժմ չի ուզում հրաժարվել «կոնյակ» և «շամպայն» անուններից։ Ռոսպատենտ դաշնային գործակալությունը որերորդ տարին է` բանակցություններ է վարում ֆրանսիացի գործընկերների հետ` պաշտպանելով իր արտադրողների շահերը։
Այսինքն կստացվի, որ ռուսական կոնյակը կոնյակ է, իսկ հայկականն արդեն ո՞չ։ Այդ դեպքում ի՞նչ է պետք անել ռուս գնորդներին չկորցնելու համար։
«Մենք հիանալի հասկանում ենք դա։ Այդ պատճառով էլ եվրոպացի գործընկերների հետ պայմանավորվել ենք հետևյալը. եթե ընդառաջ ենք գնում և պաշտպանում նրանց աշխարհագրական անվանումը, նրանք օգնում են մեզ բոլոր ծախսերի հարցում, որոնք կպահանջի ռեբրենդինգ իրականացնող ընկերությունը։ Միասին մենք կընտրենք անկախ խորհրդատու ընկերություն և հիմք կընդունենք նրա որոշումները», — նշում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը։
Այսինքն եթե Ռուսաստանի բոլոր մարզկենտրոններում և սուպերմարկետների ցանցերում շրջելու և գովազդային արշավներ իրականացնելու կամ ամեն օր դաշնային ալիքներով հայտարարություններ տալու անհրաժեշտություն լինի, ապա այդ ծախսերը կհոգա Եվրամիությունը։
«Այժմ մենք պետք է խորհրդատու ընկերություն գտնենք և տեխնիկական առաջադրանք կազմենք։ Մինչև հուլիսի 17-ը բոլոր շահագրգիռ ընկերությունները կարող են դիմել մեզ։ Հուլիսի 20-21-ին կսկսենք մրցույթը։ Իսկ մինչև հաջորդ տարվա հունիս մեր կողմից ընտրված ընկերությունը կկազմի աշխատանքների ծրագիրն ու կգնահատի դրանց արժեքը», — ասաց Ադամյանը։
Շամպայնի համար անցումային շրջանն ավելի քիչ է. 2 տարի ներքին և երեք տարի արտասահմանյան շուկայի համար։ Մյուս պաշտպանված անվանումներին (ֆրանսիական ռոկֆորը կամ հունական ֆետան) առայժմ ձեռք չեն տվել։ Հայաստանն այնքան քիչ ծավալներով է դրանք արտադրում, որ եվրոպացիները (դեռ) չեն մտահոգվում։
Իսկ կոնյակի արտահանումից Հայաստանը տարեկան ավելի քան 200 մլն դոլար հասույթ է ստանում։ Այժմ այնպես է պետք անել, որ այդ խմիչքի «թնդությունը» ոչ մի դեպքում չնվազի։