Ուրիշ ի՞նչ կարելի էր ակնկալել ճանաչողական այցից, ընդ որում ճանաչողական հենց Հայաստանի վարչապետի համար. Եվրոպայի և ՆԱՏՕ–ի երկրները սրտատրոփ սպասում էին Թրամփի հերթական անակնկալներին. նա հիանալի է իր անկանխատեսելիության մեջ, և միայն այդ սպասումը մթագնել է գործընկերների մյուս ակնկալիքները։
Իսկ ինչ վերաբերում է անձնական մակարդակի հարաբերություններին, ապա տպավորություն կա, որ ամեն ինչ նորմալ է անցել։ Դե հասկանալի է, որ նույնիսկ առաջատար երկրների նախագահները և վարչապետները ռոբոտ չեն, մարդիկ են` միս և արյունից։ Ու եթե անձնական կապեր հաստատելու առումով էլ շփումը կարելի է հաջողված համարել, ապա այդքան ներկայացուցչական համաժողովին առաջին մասնակցությունից ավելին պետք չէր ակնկալել։
Այլ հարց է, որ Փաշինյանը, իր բնավորությունից, իշխանության անցնելուց առաջ տված խոստումներից և իր ստանձնած պարտավորություններից, ինչպես նաև` որոշ առումով անփորձությունից ելնելով, խոսում է կոնկրետ, առարկայական և նույնն ակնկալում է մյուսներից. երբ չկա ադեկվատ արձագանք, երբ ասվում են ընդհանուր արտահայտություններ, դա գնահատվում է` որպես անհամապատասխանություն սպասելիքներին։
Հանդիպումներից հետո կայացած ճեպազրույցում վարչապետն ասել է, որ Հայաստանում «թավշյա» հեղափոխության արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Եվրոպական միության քաղաքականությունը պաշտոնական Երևանի նկատմամբ չի փոխվել, մնացել է այնպիսին, ինչպիսին եղել է 3-4 ամիս առաջ։
«Եվ մենք դա փաստում ենք` պետք է կամ նվազեցնել այդ հայտարարությունների խանդավառությունը կամ փոխել քաղաքականությունը», – նշել է Փաշինյանը։
Բացի այդ, վարչապետը ևս մեկ կարևոր հայտարարություն է արել, որը, հավանաբար ազդանշան է առ այն, որ Եվրոպայի և ՆԱՏՕ–ի ակնարկները ինքը հասկացել է, բայց և մնում է իր կարծիքին։ Դրա հետ, ի դեպ, չես վիճի, քանի որ, Փաշինյանի խոսքով, «ժողորդավարությունը մեզ համար ոչ թե արտաքին քաղաքական դիրքորոշում է, այլ արժեհամակարգ։ Հուսով եմ, որ Եվրամիությունը հենց այդպես է ընկալում իրավիճակը»։
Այստեղ արդեն ակնարկներ չկան. ըստ էության, Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում ժողովրդավարական հասարակություն և պետություն կառուցելը բոլորովին չի նշանակում արտաքին քաղաքական կողմնորոշումների վերանայում` հօգուտ Արևմուտքի` ենթարկվելով նրա թելադրանքին։
Եվ ևս մեկ բացահայտում տհաճ անակնկալ է եղել Փաշինյանի համար, երբ խոսվել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ «Կարծում եմ, որ մենք բավական արդյունավետ պայքարում ենք երկրում կոռուպցիայի դեմ։ Երբ մի եվրոպացի պաշտոնյա ասաց, որ ինչ–որ ծրագրի շրջանակում նրանք պատրաստ են գումար տրամադրել Հայաստանին, ես, ի պատասխան, տվեցի հայտնի կոռուպցիոների անուն և ասացի. «Եթե նրան լավ թափ տանք, ապա նրա գրպաններից այդ գումարը կթափվի»», – ասել է վարչապետը։
Գումարը, որն առաջարկել են եվրոպական գործընկերները Հայաստանին, Փաշինյանն առաջարկել է պահել իրենց «սև օրվա» համար և հավելել է, որ Հայաստանում առկա կոռուպցիայի մասշտաբների մասին հիանալի տեղյակ են եղել Եվրամիությունում, բայց շարունակել են միլիոնավոր եվրոներ տրամադրել, թեև դրանցից ոչ մի օգուտ չի եղել։
Փաշինյանը, իհարկե, մի քիչ ուռճացնում է, ասելով, որ կարելի է «թափ տալ» կոռուպցիոներներին։ Նրանց թափ տալը դժվար է, նրանք նույնպես հիմար չեն։ Ընդհանրապես կաշառքը դասվում է ամենադժվար ապացուցվող հանցագործությունների շարքը, բայց սկզբունքորեն շեշտադրումը ճիշտ է եղել։
Եթե մի կողմ թողնենք պարտադիր դիվանագիտական սակավախոսությունը և կարդանք տողատակերը, ապա վարչապետի խոսքերը լիովին արդար են` նույնիսկ իրենց կտրուկ լինելով։ Պարոնները, որոնք կանոնավոր կերպով որոշակի գումարներ են տրամադրել Հայաստանին` «կոռուպցիայի դեմ պայքարի համար», հիանալի իմացել են, որ երկրում կոռուպցիան միայն ավելացել է։ Իսկ դուրս գրված գումարները հասկանալի է, թե ուր են գնացել։
Իսկ հիմա, երբ երևում է, որ իրական պայքար կա այդ երևույթի դեմ (թեկուզ առայժմ կետային, բայց հուսանք, որ այն կվերածվի համակարգայինի) եվրապաշտոնյաները չեն էլ մտածում իրենց դիրքորոշումը վերանայելու մասին։ Եվ խնդիրն այստեղ բոլորովին էլ տրամադրվող փողերի քանակը չէ։
Ինչպես ասել է Փաշինյանը, երևում է` Եվրամիությունը, որը հովանավորում է «կոռուպցիայի դեմ պայքարը», ունեցել է իր աշխարհաքաղաքական հաշվարկները։ Հիմա նրանք ուղղակի պատրաստ չեն առարկայական քննարկումների, թեկուզ այն պատճառով, որ մինչև հիմա նույնիսկ չեն ենթադրել, որ Հայաստանի դեպքում դա մի օր արդի կլինի։
Անեկդոտ կա. ասում են` կոռուպցիայի դեմ պայքարին փող տրամադրելը նույնն է, ինչ հարբեցողության դեմ օղիով պայքարելը։ Յուրաքանչյուր կատակի մեջ ճշմարտության բաժին կա։ Կոռուպցիայի դեմ պայքարը չի հանգեցրել լիակատար հաջողության ոչ մի երկրում, դա այդպիսի կենսունակ երևույթ է։
Կոռուպցիան կարելի է և պետք է նվազագույնի հասցնել, որքան դա հնարավոր է։ Դրա համար պետք չէ դառնալ եվրոպական օժանդակություն հայցող, անհրաժեշտ է իշխանությունների և հասարակության քաղաքական և քաղաքացիական կամքը։
Այնպես որ` «բրյուսելյան կաղամբում» մեր համար միայն կոմպլիմենտներ կան։ Փաշինյանն ինքն է դա նշել` ասելով, որ «մենք այն վիճակում չենք, որ հալվենք կոմպլիմենտներից»։ «Միջազգային գործընկերների աջակցության դեպքում մենք կարող ենք ավելի արագ իրագործել բարեփոխումները, բայց մենք չենք լինի խնդրողի դերում»,– ասել է նա։
Թող այս խոսքերը որոշեն իշխանությունների գործողությունները, հույս կա, որ բարեփոխումներից և խնդիրներից կկարողանան գլուխ հանել։