Սերժ Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցչին. լուսանկար

Սարգսյանն ասել է, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ բոլոր միջազգային ձևաչափերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրչել է ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում»,- գրել է Աշոտյանը:

Սարգսյանը վստահություն է հայտնել, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության համար:

«Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ բոլոր միջազգային ձևաչափերում»,- հայտնում է Աշոտյանը:

ՀՀԿ նախագահը նաև կարևորել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հանրապետականի համատեղ ուժերով մշակվող ՀՀԿ բարեփոխումների ծրագիրը: